Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք եւ դիտարկենք տարածաշրջանի՝ որպես ընդհանուր տարածքի զարգացումը։ Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ խոսելով այսօր Վրաստան այցելած Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկվելիք թեմաների մասին։

Պապուաշվիլու խոսքով՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ ձգտում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի եւ գործընկերների հետ իրենց ժողովուրդների բարօրության համար։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրից հետո մենք պետք է առաջ նայենք եւ դիտարկենք տարածաշրջանի՝ որպես ընդհանուր տարածքի զարգացումը։ Մենք բոլորս պետք է ամրապնդենք միմյանց այն գործում, որը կարեւոր է յուրաքանչյուր երկրի համար։ Խոսքը ինքնիշխանության ամրապնդման եւ բնակչության բարեկեցության բարելավման մասին է։ Այս առումով մենք տեսնում ենք, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում՝ ձգտելով համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում են իրենց ժողովուրդների բարօրության համար։ Նրանք չեն վարվում մեր դրսից կառավարվող արմատական ​​ընդդիմության նման, որը կարծում է, որ այլ տարբերակ չկա, քան Բրյուսելից հրահանգների սպասելը։ Հետեւաբար, մենք կքննարկենք նաեւ այս հարցերը՝ ինչպես են նրանք գնահատում տարածաշրջանում առկա դինամիկան եւ ինչ ընդհանուր ծրագրեր ունենք»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։