Դեռահասները հատկապես խոցելի են սոցցանցերում տարածվող ապատեղեկատվության նկատմամբ, սակայն նրանց տարիքը եզակի հնարավորություններ է ընձեռում կայունություն զարգացնելու համար: Nature Human Behavior ամսագրում հրապարակված նոր հոդվածում զարգացման հոգեբան Իլի Ման եւ նրա գործընկերները հետազոտողներին, դպրոցներին, ծնողներին եւ քաղաքականություն մշակողներին առաջարկում են գործիքներ՝ երիտասարդների թվային կայունությանն աջակցելու համար:
Դեռահասները մեծանում են մի աշխարհում, որտեղ սոցցանցերը դարձել են կյանքի անբաժանելի մասը. նրանք առցանց ընկերություն են անում, հետեւում են նորություններին եւ մասնակցում հանրային քննարկումներին: Սակայն «թվային աբորիգեն» լինելը չի երաշխավորում ապատեղեկատվությունն ավտոմատ կերպով ճանաչելու ունակություն: Դեռահասության շրջանում սոցիալական, հուզական եւ կոգնիտիվ փոփոխությունները ազդում են այն բանի վրա, թե ինչպես են նրանք ընկալում տեղեկատվությունը, ինչպես նաեւ ճիշտը կեղծից տարբերելու նրանց ունակության վրա:
Դեռահասների սոցիալական զգայունությունը նրանց խոցելի է դարձնում հասակակիցների եւ սիրելի բլոգերների կարծիքների նկատմամբ, մինչդեռ հուզական զգայունությունը նրանց խոցելի է դարձնում այն կոնտենտի նկատմամբ, որը առաջացնում է վախ, զայրույթ կամ հուզմունք: Միեւնույն ժամանակ, այս նույն բնութագրերը կարող են օգտագործվել որպես ռեսուրս. խմբի ներսում տեղեկատվության քննադատական գնահատմանն աջակցելը եւ հուսալի աղբյուրներին ուշադրություն դարձնելն օգնում են կայունություն ձեւավորել:
Դեռահասների կոգնիտիվ զարգացումը նրանց դարձնում է հետաքրքրասեր եւ բաց ուսուցման համար, ինչը հատկապես կարեւոր է մեդիագրագիտության համար: Դեռահասները սովորում են քննադատաբար մտածել, վերլուծել ապացույցները եւ գնահատել սեփական դատողությունը, իսկ ճիշտ կազմակերպված կրթությունն օգնում է այդ հմտություններն ուղղել ապատեղեկատվության դեմ պայքարին։
Հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ դեռահասներին ապատեղեկատվությունից պաշտպանելը չի սահմանափակվում միայն թյուրըմբռնումների ուղղմամբ: Կարեւոր է զարգացնել քննադատական մտածողությունը, կարեկցանքը եւ պատասխանատվության զգացումը թվային տարածքում: Դեռահասներն ակտիվորեն մասնակցում են հուսալի տեղեկատվական միջավայրի ձեւավորմանը, եւ նրանց գիտելիքներ ու հմտություններ տրամադրելով՝ հասարակությունն ամրապնդում է ոչ միայն նրանց անհատական, այլեւ ամբողջ թվային հանրույթի կայունությունը:




























