Միացյալ Նահանգները մտադիր է զգալիորեն մեծացնել իր ռազմական ներկայությունը Լատինական Ամերիկայի երկրներում՝ Վենեսուելայի ափերի մոտ թմրավաճառների դեմ իրականացվող գործողության շրջանակում։ Դրա մասին հայտնել է The Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ Միացյալ Նահանգները նախատեսում է ավիաբազա հիմնել Էկվադորում, ինչպես նաև ավելացնել իր զորքերի ռոտացիան Պանամայում և ավելի շատ օգտագործել այդ երկրի ռազմական օդանավակայանը։ Բացի դրանից, ամերիկացիները մտադիր են վերաբացել Պուերտո Ռիկոյի ռազմածովային բազան։

Նոյեմբերի 16-ին ազգային հանրաքվեում էկվադորցիների 60,3%-ը քվեարկել է երկրում օտարերկրյա ռազմական բազաների հիմնման արգելքի վերացման դեմ։ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան պաշտպանել է երկրի սահմանադրության և հանրաքվեի փոփոխությունը։ Էկվադորում օտարերկրյա բազաների հիմնումն արգելող հոդվածը ներառվել է 2008 թվականին ընդունված սահմանադրության մեջ։ Նոբոան փոփոխությունն առաջարկել է սեպտեմբերին։ Նա իր տեսաուղերձը ձայնագրել է Մանտա ռազմական բազայում, որը 1999-2009 թվականներին ԱՄՆ վերահսկողության տակ էր։ Նոյեմբերի սկզբին ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը այցելել է Էկվադոր, որտեղ նա և Նոբոան այցելել են Մանաբի և Սանտա Էլենա նահանգների երկու ռազմաբազաներ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս զգուշացրել է, որ իր երկիրը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին։ Վաշինգտոնը Վենեսուելայի իշխանություններին մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի անբավարարության մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծով են ուղարկել ութ նավ, մեկ միջուկային սուզանավ և ավելի քան 16 հազար զինծառայող, իսկ սեպտեմբերից ի վեր միջազգային ջրերում ոչնչացրել են առնվազն 20 մոտորանավակ և 76 մարդու, որոնց անհիմն մեղադրանք է առաջադրվել Վենեսուելայից թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Նոյեմբերի 16-ին Պենտագոնը հայտարարել է, որ ամերիկյան նավերի հարվածային խումբը՝ Gerald R. Ford ավիակիրի գլխավորությամբ, մտել է Կարիբյան ծով։