Honda-ն հետ է կանչում իր Accord հիբրիդային ավտոմեքենաներից ավելի քան 256 հազար 600-ը՝ ծրագրային ապահովման սխալի պատճառով, որը կարող է հանգեցնել շարժիչի հզորության հանկարծակի կորստի, հաղորդում է Associated Press-ը։

Ըստ Ազգային ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության (NHTSA) հրապարակած փաստաթղթերի՝ հետկանչը վերաբերում է 2023-2025 թվականների մոդելային տարիների որոշակի Honda Accord հիբրիդային ավտոմեքենաներին։

Սխալը կարող է հանգեցնել վարման ժամանակ այդ ավտոմեքենաների որոշ ներքին ծրագրային ապահովման խափանման, ինչը մեծացնում է վթարի կամ վնասվածքի ռիսկը։

Սխալը շտկելու համար Honda-ի դիլերներն անվճար կվերածրագրավորեն ծրագրային ապահովումը։ NHTSA-ի հետկանչի զեկույցում նշվում է, որ սեփականատերերին ծանուցումները նախատեսված են հունվարի 5-ին։ Հստակ չէ, թե արդյոք մինչ այդ ժամկետը սխալը շտկելու ծրագիրը հասանելի կլինի։