Ֆուտբոլի պորտուգալացի սուպերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն և միլիարդատեր Իլոն Մասկը եղել են Սպիտակ տանը կայացած շքեղ ընթրիքի հյուրերի թվում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կազմակերպել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի համար, հայտնում է AFP-ն։

Ռոնալդուն խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։ Նա այն բազմաթիվ միջազգային խաղացողներից մեկն է, ում Թագավորությունը ներգրավել է վերջին տարիներին։ 40-ամյա հարձակվողը, ում պայմանագիրը Սաուդյան Արաբիայի ակումբի հետ ավարտվում է այս ամառ, զբաղեցրել է իր տեղը Թրամփի սեղանի գլխին, նախքան նախագահի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մտնելը։

«Գիտե՞ք, որդիս Ռոնալդուի մեծ երկրպագուն է»,- ասել է Թրամփը ճաշից առաջ իր ելույթում՝ հավելելով, որ ֆուտբոլով տարված իր 19-ամյա որդին՝ Բերոնը ծանոթացել է լեգենդար խաղացողի հետ։ «Կարծում եմ, որ այժմ նա մի փոքր ավելի շատ է հարգում իր հորը, պարզապես այն պատճառով, որ ես ձեզ ծանոթացրի»։

Ռոնալդուն ֆուտբոլին վերաբերող ընթրիքի միակ հյուրը չի եղել․ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ևս մեկ անգամ հայտնվել է Սպիտակ տանը՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը նախորդող միջոցառմանը, որը համատեղ ձևով կազմակերպում է Միացյալ Նահանգները։

Ռոնալդուն հայտարարել է, որ հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը, որի ուղեգիրը Պորտուգալիան նվաճել է կիրակի օրը, «անպայման» իր վերջինը կլինի։ Ինչպես նաև, տոնական ընթրիքին ներկա է եղել Space X-ի և Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը, ակնհայտորեն դա նշան եղել, որ նահաշտվել է ԱՄՆ նախագահի հետ, գրում է AFP-ն։

Սմոկինգ հագած Մասկին տեսել են մոմավառությամբ լուսավորված սեղանի շուրջ մյուս հյուրերի հետ զրուցելիս, թեև ոչ Թրամփի սեղանի մոտ։

Հարավային Աֆրիկայում ծնված Մասկը հինգ ամիս զբաղեցրել է Պետական կառավարման ծախսերի կրճատման և արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը և մայիսին ուղեկցել է Թրամփին Սաուդյան Արաբիա կատարած ուղևորության ժամանակ։ Սակայն հարաբերությունները փչացել են հուլիսին, այն բանից հետո, երբ Մասկը քննադատել է Թրամփի այսպես կոչված «մեծ և գեղեցիկ» ծախսերի օրինագիծը, իսկ հետո հայտարարել է, որ նախագահը ներգրավված է եղել հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության մեջ։ Ի պատասխան՝ Թրամփը Մասկին սպառնացել է արտաքսումով։