Ձեռնարկատեր, միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր ընթրիքի ժամանակ հյուրերից մեկից հետաքրքրվել է, թե արդյոք նա Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին համարում է ահաբեկիչ, թե ոչ։ Այս մասին Daily Mail-ին հայտնել է շուրթերով կարդալու մասնագետ Նիկոլա Հիքլինգը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Մասկն արքայազնի մասին հարցը տվել է դեղագործական Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլային։

Հիքլինգը պնդում է, որ ձեռնարկատիրոջ զրուցակիցը ապշած է եղել ասվածից։

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի, ընդգծել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում դուրս է գալիս նոր մակարդակի։ Նախագահը նշել էր, որ երկրների միջև վերջերս է պաշտպանության ոլորտում ռազմավարական համաձայնագիր ստորագրվել և այն ունի պատմական նշանակություն։

Նոյեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան մի քանի հարյուր տանկ կգնի Միացյալ Նահանգներից։