ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք, որը պահանջում է Արդարադատության նախարարությունից 30 օրվա ընթացքում գաղտնազերծել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ դաշնային հետաքննության ամբողջական տվյալները։ Այս մասին նա հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։
Նրա խոսքով՝ փաստաթղթերի բացահայտումը թույլ կտա լույս սփռել Էփշտեյնի և մի շարք հայտնի քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի միջև եղած կապերի վրա։ Նրա կողմից նշված անձանց թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսը, LinkedIn-ի համահիմնադիր և դեմոկրատների դոնոր Ռիդ Հոֆմանը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հաքիմ Ջեֆրիսը։
«Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության ակտ» անունով օրինագիծը պատրաստվել էր հուլիսին երկու կուսակցությունների՝ հանրապետական Թոմաս Մեսսիի և դեմոկրատ Ռո Հաննայի կողմից։ Փաստաթուղթը երկար ժամանակ առաջ չի գնացել պրոֆիլային կոմիտեներում, մինչև որ նոյեմբերի 13-ին օրենսդիրների միջկուսակցական խումբը գործարկել է discharge petition (պարտականությունից ազատման միջնորդություն) ընթացակարգը, որը թույլ է տալիս նախաձեռնությունը քվեարկության դնել՝ շրջանցելով ստանդարտ կարգը։
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը։ «Էփշտեյնի թափանցիկության մասին» օրենքի օգտին քվեարկել է 427 անդամ, դեմ՝ միայն մեկ Կոնգրեսի անդամ։
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է թույլատրել Էփշտեյնի գործի ամբողջական հրապարակումը, եթե Կոնգրեսը հաստատի այն։ Այնուամենայնիվ, նա մտահոգություն է հայտնել, որ Էփշտեյնի գործի ակտիվ քննարկումը կարող է շեղել ուշադրությունը Հանրապետական կուսակցության հաջողություններից։





























