Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող «Կովկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների ազգային և տարածաշրջանային կառավարման բարելավում» ծրագրի տարեկան աշխատաժողովը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառմանը Հայաստանից մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Ռիմա Կարապետյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ՝ Հայաստանի Հանրապետությունում մորեխների մոնիթորինգի ու պայքարի նպատակով իրականացված աշխատանքների, տեղի ունեցած հանդիպումների և 2026 թվականի ընթացքում պլանավորվող նախաձեռնությունների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում հաստատվել է 2026 թվականի մորեխների մոնիթորինգի և պայքարի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև խմբագրական հանձնաժողովի կողմից կազմվել և հաստատվել է երկլեզու արձանագրություն։