Նոյեմբերի 19-ին Կորեայի ժողովրդական բանակի զինվորներն իբր կարճ ժամանակով խախտել են միջկորեական սահմանը, ինչի հետեւանքով Հարավային Կորեան ի պատասխան նախազգուշական կրակոցներ է արձակել։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ հյուսիսկորեական զորքերը սահմանային պահպանություն էին իրականացնում։ Գործակալության աղբյուրները չեն նշել, թե քանի զինվորական է ներկա գտնվել այնտեղ կամ արդյոք նրանք զինված են եղել։ Հարավային Կորեան նախ ռադիոյով նախազգուշացում է հեռարձակել, ապա նախազգուշական կրակոցներ է արձակել։ Սեուլը հայտարարել է, որ «գործել է հրահանգների համաձայն»։ Հյուսիսային Կորեայի զորքերը հետագայում վերադարձել են իրենց տարածք։
Նոյեմբերի 17-ին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը առաջարկել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ՝ սահմանային հետագա խախտումներից խուսափելու համար, քանի որ 1953 թվականից հետո փաստացի սահմանը նշելու համար օգտագործվող նշաններից շատերը վնասվել են կամ վատ են երեւում։
Հարավկորեական կողմի տեղեկացմամբ՝ այս տարի գրանցվել է սահմանային նման խախտումների մոտ 10 դեպք։ Հարավային Կորեայի իշխանությունները կարծում են, որ նման միջադեպերը կապված են կրկնակի սահմանազատման անհրաժեշտության հետ։ Նախկինում Սեուլը հայտարարել էր, որ նման խախտումները դիտավորյալ չի համարում։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաեւ հոկտեմբերի 19-ին։ 2024թ․ գարնանից ժողովրդական հանրապետությունը ակտիվորեն ամրացնում է միջկորեական սահմանը





























