Եմենի մայրաքաղաք Սանայում հութիների վերահսկողության տակ գտնվող դատարանը 17 անձի մեղավոր է ճանաչել օտարերկրյա կառավարությունների օգտին լրտեսության մեջ և դատապարտել նրանց մահապատժի, հայտնում է SABA լրատվական գործակալությունը։

Մասնագիտացված քրեական դատարանը շաբաթ օրը հրապարակել է դատավճիռը։ Դատարանը նաև մեկ տղամարդու և մեկ կնոջ դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ մեկ այլ մեղադրյալ արդարացվել է։

Շաբաթ օրվա դատավճիռը կարող է բողոքարկվել, ասել է Աբդուլբասիտ Ղազին՝ որոշ դատապարտվածների շահերը ներկայացնող փաստաբանը։

«Մեղադրյալները թշնամիներին տրամադրել են տեղեկություններ տասնյակ տեղակայման վայրերի և պետական առաջնորդների տեղաշարժերի մասին, ինչպես նաև հրթիռների վերաբերյալ տեղեկություններ…, որոնք հանգեցրել են մի շարք ռազմական, անվտանգության և քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների՝ տասնյակ մարդկանց մահվան և ենթակառուցվածքների լայնածավալ ավերածությունների», — հաղորդում է SABA-ն։