«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման մեկնարկից ի վեր Չինաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե երեք անգամ, իսկ 2024 թվականին երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 2,8 մլրդ դոլարը։ Այս մասին նոյեմբերի 25-ին «Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստերն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի փոխտնօրեն Ցզին Չժեն։

Նա հիշեցրել է, որ 1992 թվականին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր Չինաստանն ու Հայաստանը ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը բոլոր ոլորտներում, և Հայաստանը դարձել է առաջին երկրներից մեկը, որը միացել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։

«Հայաստանը հարուստ քաղաքակրթությամբ հնագույն պետություն է, որը գտնվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ 1991 թվականին անկախության ձեռքբերումից հետո երկրում նկատվում է արագ տնտեսական և սոցիալական զարգացում»,- հավելել է չինացի փորձագետը։

Ըստ նրա գնահատականի, վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի տնտեսությունը զգալի կայունություն է ցուցաբերել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը։

Ցզին Չժեն նկատել է, որ Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ ձգտելով համագործակցության, այլ ոչ թե առճակատման, ինչի դրսևորումն է տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների զարգացմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջադրումը։ Նա մատնանշել է Սև ծովի և Պարսից ծոցի միջև Հայաստանը տրանսպորտային հանգույցի վերածելու ներուժը։

Փորձագետը վստահեցրել է, որ հայկական կոնյակն ու գինին մեծ պահանջարկ են վայելում չինացի սպառողների շրջանում, իսկ Չինաստանում արտադրված ավտոբուսներն ու նոր էլեկտրամոբիլները կարելի է ամենուր տեսնել Երևանի փողոցներում։

«Չինական ընկերությունների իրականացրած նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների վերակառուցումը, ենթակայանների արդիականացումը և արևային էլեկտրակայանների կառուցումը, ակտիվ դեր են խաղում Հայաստանի ենթակառուցվածքների մակարդակի բարձրացման գործում՝ նպաստելով տեղի բնակչության զբաղվածությանը»,- պարզաբանել է նա։

Ցզին Չժեն հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսին Չինաստանը և Հայաստանը ստորագրել են համատեղ հայտարարություն ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլ դուրս բերելու մասին։

Նա հավելել է, որ Չինաստանն ու Հայաստանը պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը սահմանում է Հայաստանի դիրքավորումը որպես Եվրասիայի տրանսպորտային հանգույց։

Ըստ նրա, ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանը թևակոխել է խաղաղ զարգացման հասնելու հնարավորությունների շրջան։ «Եթե բոլոր կողմերը ամրապնդեն համագործակցությունը փոխըմբռնման, փոխվստահության, փոխադարձ հարգանքի ոգով, ապա Հարավային Կովկասի տարածաշրջանի դերը որպես Եվրասիական մայրցամաքը կապող տրանսպորտային միջանցք, ավելի նկատելի կդառնա։ Այս ֆոնին Հայաստանն ու Չինաստանը կարող են խորացնել համագործակցությունը թվային տնտեսության ոլորտում, համատեղ ստեղծել ինկուբացիոն կենտրոններ, տեխնոլոգիական պարկեր, ակտիվորեն առաջ մղել «խելացի քաղաքների» ոլորտում համագործակցության նախագծերի իրականացումը, ամրապնդել համագործակցությունը հումանիտար ոլորտում և նպաստել ժողովուրդների մերձեցմանը, ընդլայնել չինարենի և հայերենի դասավանդումն ու հանրահռչակումը միմյանց բուհերում։ Հայաստանն ունի գեղատեսիլ բնական լանդշաֆտներ և հարուստ մշակութային ժառանգություն, ուստի կողմերը կարող են ամրապնդել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում՝ գրավելով ավելի շատ չինացի զբոսաշրջիկների և ստեղծելով նպաստավոր պայմաններ զբոսաշրջային համագործակցության համար՝ ավիահաղորդակցության հեշտացման միջոցով»,- եզրափակել է Ցզին Չժեն։