Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ խմբավորումը ցանկանում է մասնակցել Թուրքիայի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջև շարունակվող խաղաղ գործընթացին՝ մտնելով երկխոսության թե՛ Անկարայի, թե՛ բանտում գտնվող PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ։
Mezopotamya գործակալությանը տված հարցազրույցում Աբդին պատմել է, որ SDF-ն կարծիքներ է փոխանակել բանտում գտնվող Օջալանի հետ գրավոր հաղորդակցության միջոցով։
«Նրա կարծիքը ստացվել է նամակով, և մեր կարծիքը նույնպես փոխանցվել է», — ասել է Աբդին՝ հավելելով, որ Օջալանին Իմրալի բանտում այցելելը՝ քրդերի գլխավորած սիրիական վարչակազմի պաշտոնյաների կողմից, կարող է «դրական ներդրում ունենալ ինչպես խաղաղ գործընթացում, այնպես էլ Սիրիայի հյուսիսում և արևելքում խնդիրների լուծման գործում»։
Նա նաև նշել է, որ Օջալանը, որը Թուրքիայում բանտարկված է 1999 թվականից, նույնպես նման այցի ցանկություն ունի՝ հղում անելով Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատվիրակությանը, որը հանդիպել է PKK-ի առաջնորդին։
Թուրքիան SDF-ը դիտարկում է որպես PKK-ի շարունակություն և ակնկալում է, որ նրանք ևս կզինաթափվեն։ SDF-ն, սակայն, հերքում է կազմակերպչական կապերը՝ ընդունելով միայն Օջալանի գաղափարական առաջնորդությունը։ Այդ պատճառով SDF-ն հայտարարում է, որ մայիսին Օջալանի կոչով PKK-ի ընդունած ինքնալուծարման որոշումը իրենց չի վերաբերվում։




























