Անգլիայի Ուոլհեմփթոնի դպրոցը դիմել է տեղի բնակիչներին՝ օգնելու համար գտնել Բրեդֆորդ անունով արջուկին, որը անհետացել էր եղանակային օդապարիկով ստրատոսֆերա թռչելուց հետո, գրում է UPI-ն։
Խաղալիքը երկինք են արձակել 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները՝ Սաութհեմփթոնի համալսարանի տիեզերական թռիչքների ընկերության հետ համագործակցությամբ։ Օդապարիկին ամրացված տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է արջուկը բարձրանում մթնոլորտի վերին շերտեր, ապա Հենլի-օն-Թեմզ քաղաքի վրայով թռչելիս անջատվում իր ամրակապից։
Բրեդֆորդը պետք է վայրէջք կատարեր պարաշյուտով իր սարքավորումների հետ միասին Բեյզինգսթոք շրջանի մոտակայքում։ Սակայն այժմ ենթադրվում է, որ նա ընկել է Ըռլիի և Ֆոուլիի միջև ընկած հատվածում՝ Հենլի-օն-Թեմզի մոտակայքում։
«Եթե որևէ տեղեկություն ունեք նրա գտնվելու վայրի մասին, նույնիսկ աննշան, խնդրում ենք տեղեկացնել մեզ։ Ցանկացած տեսանյութ կամ մանրամասնություն շատ օգտակար կլինի»,- ասված է դպրոցի հայտարարության մեջ։
Բնական գիտությունների ուսուցչուհի Էլի Ռոբինսոնը նշել է, որ արջուկը հասել է մոտավորապես 27 կմ բարձրության վրա, ինչը գերազանց արդյունք էր դպրոցական փորձի համար: «Վստահ ենք, որ նա լավ է. մենք երեխաներին վստահեցրինք, որ նա քաջ է և հնարամիտ»,- հավելել է նա:



























