Մոտ 2500 գենոմների նոր ուսումնասիրությունը կարող է վերջապես լուծել այն բանավեճը, թե երբ են ժամանակակից մարդիկ ժամանել Ավստրալիա: Օվկիանիայի հին և ժամանակակից բնիկ ժողովուրդների ԴՆԹ-ի համապարփակ տվյալների բազայի միջոցով հետազոտողները պարզել են, որ մարդիկ Հյուսիսային Ավստրալիայում սկսել են բնակություն հաստատել մոտ 60 հազար տարի առաջ և որ նրանք ժամանել են երկու տարբեր ճանապարհներով:
Փորձագետները վաղուց են վիճում Ավստրալիա առաջին մարդու ժամանման ամսաթվի շուրջ, ինչը պահանջել է ջրային փոխադրամիջոցների գյուտը: Այն ժամանակ, երբ որոշ հետազոտողներ օգտագործում են գենետիկական մոդելներ՝ ժամանման «կարճ ժամանակագրությունը» հաստատելու համար՝ այն թվագրելով 47-51 հազար տարի առաջ, մյուսները, հիմնվելով հնագիտական ապացույցների և բնիկների մասին գիտելիքների վրա, աջակցում են «երկար ժամանակագրությանը», ըստ որի առաջին մարդկանց ժամանումը տեղի է ունեցել 60-65 հազար տարի առաջ:
Science Advances գիտական հանդեսում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ գիտնականները վերլուծել են 2456 մարդու գենոմների «աննախադեպ մեծ» տվյալների հավաքածու՝ պատասխանելու համար այն հարցին, թե երբ են մարդիկ գաղթել Սունդայից (ժամանակակից Ինդոնեզիան, Ֆիլիպինները և Մալայզիայի թերակղզին ներառող հին ցամաքային զանգված, որը հայտնի է նաև որպես Սունդալենդ) դեպի Սահուլ (ժամանակակից Ավստրալիան, Թասմանիան և Նոր Գվինեան ներառող հին մայրցամաք):
«Այս հարցի վերաբերյալ սա մինչ օրս ամենաընդգրկուն գենետիկական հետազոտությունն է, և այն վճռականորեն աջակցում է երկար, այլ ոչ թե կարճ ժամանակագրությանը»,- ըստ Planet Today-ի՝ ասում է հետազոտության համահեղինակ, Մեծ Բրիտանիայի Հադերսֆիլդի համալսարանի գիտաշխատող Մարտին Ռիչարդսը:
Խմբի վերլուծությունը բացահայտել է նաև հյուսիսային և հարավային ճանապարհներով ժամանած մարդկանց երկու տարբեր խմբեր: «Այս հայտնագործությունը միանգամայն համապատասխանում է հնագիտական, օվկիանոսագրական և պալեոկլիմայական ապացույցներին, որոնք վկայում են մոտ 60 հազար տարի առաջ Սահուլ ժամանելու մասին»,- ասում է Ռիչարդսը:
Իրենց եզրակացություններին հանգելու համար հետազոտողներն օգտագործել են «մոլեկուլային ժամացույցի» մոտեցումը, որը ենթադրում է, որ ԴՆԹ հաջորդականությունների մուտացիաները տեղի են ունենում համեմատաբար հաստատուն արագությամբ ժամանակի ընթացքում: Երկու ԴՆԹ հաջորդականությունների տարբերությունները ուսումնասիրելով՝ հետազոտողները կարող են գնահատել, թե երբ են այս հաջորդականությունները տարբերվում միմյանցից։
Հետազոտության ընթացքում թիմը կիրառել է մի քանի վիճակագրական մեթոդներ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի (փոխանցվում է մայրական կողմից) և Y քրոմոսոմի (փոխանցվում է հայրական կողմից) տվյալները վերլուծելու համար: Նրանց բոլոր վիճակագրական մոդելները համապատասխանում էին Հյուսիսային Ավստրալիայի բնակեցման մոտ 60 հազար տարի առաջվա ամսաթվին։
Սակայն գենետիկական տվյալները բացահայտել են նաև երկու տարբեր բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել մոտավորապես նույն ժամանակ: Մարդկանց մի խումբը Ավստրալիա է ժամանել Հարավային Սունդա կղզիների (Ինդոնեզական կղզու) միջոցով, իսկ մյուսը՝ Հյուսիսային Սունդա կղզիներից (Ֆիլիպինյան կղզեխմբից):
Ըստ Ռիչարդսի՝ այս երկու խմբերը սկզբնապես մոտավորապես 70-80 հազար տարի առաջ Աֆրիկան լքած մեկ պոպուլյացիայի մաս էին կազմում,, և «մենք կարծում ենք, որ նրանք բաժանվել են Հարավային Ասիա կամ Հարավարևելյան Ասիա արևելք տեղափոխվելու ընթացքում», հնարավոր է՝ Ավստրալիա հասնելուց 10-20 հազար տարի առաջ։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ավստրալիացի բնիկները, Նոր Գվինեայի բնակիչների հետ միասին, Աֆրիկայից դուրս գտնվող ցանկացած մարդկային խմբի մեջ ունեն ամենահին շարունակական նախնին»,- ասում է Ռիչարդսը։
Ըստ նրա՝ այս ճանապարհով վաղ մարդկային հետազոտողները, հավանաբար, խաչասերվել են հնագույն մարդկանց, մասնավորապես՝ Homo longi-ի, H. luzonensis-ի և նույնիսկ «հոբիթ» H. floresiensis-ի հետ, բայց թե որքանով են ժամանակակից մարդիկ փոխազդել տարածաշրջանի հնագույն մարդկանց հետ, դեռևս պարզ չէ։
Այս գենետիկական ուսումնասիրությունը հեռահար հետևանքներ ունի բնիկ ավստրալացիների հնության համար։ «Շատ բնիկներ կարծում են, թե միշտ ապրել են այս հողի վրա»,- ասուըմ է հետազոտության համահեղինակ, Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի գիտաշխատող Հելեն Ֆարը։
«Վերոնշյալ տվյալները հաստատում են համայնքների իսկապես խորը ժառանգությունը,- ասում է Ֆարը, - -Եվ ենթադրում են մարդկային սերտ կապեր ցամաքի և ծովի հետ առնվազն 60 հազար տարի»: Սակայն դա ապացուցում է նաև, որ ծովային գիտելիքներն ու հմտությունները, որոնք հնագիտական ապացույցներում չկան, եղել են վաղ մարդկանց գոյատևման բանալին:




























