ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դամասկոսին ուղղված ձեռագիր նամակում վերահաստատել է իր աջակցությունը Սիրիային և նրա նախագահ Ահմեդ ալ-Շարաային, հաղորդում է «Al Arabiya»-ն։

Նամակում ներառվել է նաև Թրամփի և ալ-Շարաայի անցյալ ամիս Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման լուսանկարը, որը հանձնել է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Այս շաբաթ Բարաքը գտնվել է Սիրիայում՝ աշ-Շարաայի և երկրի այլ պաշտոնյաների հետ հանդիպելու համար, քանի որ Դամասկոսը փորձում է կարգավորել բարդ հարաբերությունները ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի և այլ փոքրամասնությունների հետ։ Բացի այդ, Իսրայելը շարունակում է խախտել Սիրիայի ինքնիշխանությունը և հարձակումներ գործել նրա տարածքում, չնայած երկու երկրների միջև անվտանգության համաձայնագրի ձեռքբերման շուրջ շարունակվող բանակցություններին։

«Ահմեդ, դու մեծ առաջնորդ կլինես, իսկ ԱՄՆ կօգնի քեզ»,- գրել է Թրամփը ալ-Շարաային ուղղված իր նամակում, փոխանցում է արաբական լրատվամիջոցը։

Երկուշաբթի օրը Թրամփը գովաբանել է Սիրիայի նախագահին և կոչ արել Իսրայելին շարունակել բանակցությունները Սիրիայի հետ

«Կարևոր է, որ Իսրայելը ամուր և անկեղծ երկխոսություն պահպանի Սիրիայի հետ և որ տեղի չունենա որևէ բան, որը կխոչընդոտի Սիրիայի զարգացմանը որպես բարգավաճ երկիր», - հայտարարել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում: Ավելի ուշ պարզվել է, որ գրառումը կատարվել է Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո: