Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԼԻԿՎՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դեղամիջոցների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․4 մլրդ դրամի ներդրում, որից 200 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման, 1․9 մլրդ դրամը՝ հիմնական միջոցների ձեռքբերման և 1․3 մլրդ դրամը՝ հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղեր 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 76․5 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ՊՐՈՄԱՍ» ընկերությունը։ Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներքնակների, անկողնային պարագաների, կահույքի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 780 մլն մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և շուրջ 500 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ներկայումս առկա է 220 աշխատատեղ 305 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 240-ի՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 780 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 51․7 մլն դրամ։