Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի (INAH) հնագետները հայտնել են խիստ անսովոր գտածոյի՝ խորանարդաձև մարդկային գանգի հայտնաբերման մասին, որը գտնվել է Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Բալկոն դե Մոնտեսումա հնագույն բնակավայրի տարածքում, գրում է Live Science-ը:
Ենթադրվում է, որ գանգը պատկանել է միջին տարիքի տղամարդու, որն ապրել է մոտ 1400 տարի առաջ՝ մ.թ. VI–VII դարերում։ Համեմատական վերլուծության արդյունքում գիտնականները պարզել են, որ այս ձևը խիստ տարբերվում է նախկինում արձանագրվածներից. մանկության տարիներին կատարվող դեֆորմացիային բնորոշ սովորական ձգված կամ սրածայր «կոնաձև» գանգերի փոխարեն այս գանգն ունի հարթ գագաթ, իսկ գլուխը «զուգահեռանիստի» կամ «խորանարդի» տեսք ունի։
Հետազոտողներն ընդգծում են, որ թեև գանգի արհեստական դեֆորմացիան հազվադեպ երևույթ չէ Մեզոամերիկայի հնագույն մշակույթների համար, նման ոճ (հարթ, «խորանարդաձև» տեսքով) այս տարածաշրջանում նախկինում չի հայտնաբերվել։
Ոսկորների և ատամների քիմիական անալիզը ցույց է տվել, որ այդ մարդն, ամենայն հավանականությամբ, տեղացի է եղել. ծնվել և կյանքի մեծ մասն անցկացրել է Բալկոն դե Մոնտեսումայի շրջակայքում։ Սա նշանակում է, որ գանգի անսովոր ձևը ոչ թե միգրացիայի արդյունք է, այլ, ըստ ամենայնի, տեղական մշակութային պրակտիկա։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ գլխի ձևափոխման նման եղանակը կարող էր կապված լինել որոշակի սոցիալական խմբի պատկանելիության, էթնիկ ինքնության կամ կարգավիճակի հետ։ Հետազոտողները դեռ հստակ բացատրություն չունեն. գանգերի ձևերի առատությունը վկայում է հնագույն Մեքսիկայում մշակութային ավանդույթների շատ ավելի բարդ և բազմազան պատկերի մասին։