Ճապոնիայի կառավարությունը քննարկում է Ազգային հետախուզական գործակալության (NIA) ձևավորմանը զուգահեռ հետախուզության նախարարի պաշտոնի ստեղծումը, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։

Դրանից առաջ խորհրդարանի քննարկմանը կներկայացվի համապատասխան օրինագծերի փաթեթը։ Գործակալությունը նշում է, որ դրա քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի այն երաշխիքներին, որ նոր կառույցի ստեղծումը չի հանգեցնի խոսքի ազատության և քաղաքացիների այլ իրավունքների սահմանափակման։ Ներկայումս Ճապոնիայում հետախուզության հարցերով զբաղվում է կաբինետի գլխավոր քարտուղարը, որը կառավարության երկրորդ դեմքն է։ Նրա գործառույթները նախատեսվում է փոխանցել նոր նախարարին։

«Նիկկեյ» թերթի տվյալներով՝ Ազգային հետախուզական վարչությունը (ԱՀՎ) կձևավորվի Կաբինետի քարտուղարության արդեն գոյություն ունեցող Հետազոտական բյուրոյի հիման վրա, որը վերլուծում է տեղեկատվությունը, որը ստացվում է, մասնավորապես, բաց աղբյուրներից և այլ գերատեսչություններից, ինչպես նաև ԱՄՆ-ից և արբանյակային հետախուզության միջոցով։ Նոր կառույցը կհամակարգի Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, ոստիկանության և Արդարադատության նախարարության շրջանակներում արդեն գոյություն ունեցող հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների գործունեությունը։

Նախատեսվում է ստեղծել նաև Հետախուզության ազգային խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն վարչապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ազգային հետախուզական վարչությունը իր կարգավիճակով կհավասարեցվի Ազգային անվտանգության խորհրդին, որը զբաղվում է արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով։ Դրա աշխատանքներին նույնպես մասնակցում են վարչապետը և կառավարության առաջատար անդամները։ Ավելի վաղ վարչապետ Սանաե Թաքայչին բազմիցս արտահայտվել էր Ճապոնիայում ԿՀՎ-ի նման կազմակերպություն ստեղծելու օգտին։