Ֆրանսիան լոգիստիկ աջակցություն և հսկողության սարքավորումներ է տրամադրել՝ օգնելու համար րևմտյան Աֆրիկայի Բենին պետությանը կանխելու համար անցյալ հեղաշրջման փորձը, որը կասեցբվել էր շաբաթավերջին, ըստ Ֆրանսպրես գործակալության՝ երեքշաբթի հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնի օգնականը։
Մակրոնը գլխավորել է «համակարգման ջանքերը՝ խոսելով տարածաշրջանային հիմնական առաջնորդների հետ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան՝ Բենինի իշխանությունների խնդրանքով, օգնություն է տրամադրել Բենինի զինված ուժերին «հսկողության և լոգիստիկ աջակցության առումով», լրագրողներին ասել է օգնականը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։
Օգնության բնույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները ներկա պահին հասանելի չեն։ Կիրակի օրը զինվորների մի խումբ գրավել է ազգային հեռուստաընկերությունը և հայտարարել, որ նախագահ Պատրիս Տալոնը տապալվել է։ Սակայն հավատարիմ զինվորական ուժերը՝ հարևան Նիգերիայի օգնությամբ, որը ռազմական հարվածներ է հասցրել Կոտոնուի վրա և զորքեր տեղակայել, ի վերջո, ձախողել են հեղաշրջման փորձը։ Վերջին տարիներին Արևմտյան Աֆրիկան մի շարք հեղաշրջումներ է վերապրել, որոնք լրջորեն խաթարել են Ֆրանսիայի ազդեցությունը և ներկայությունը այն վայրերում, որոնք անկախություն փձեռք բերելուց առաջ ֆրանսիական գաղութներ էին։
2020 և 2021 թվականներին Մալիում տեղի ունեցան հեղաշրջումներ, որոնց հաջորդեցին Բուրկինա Ֆասոյում 2022 թվականին, իսկ հետո՝ Նիգերում 2023 թվականին։ Այս երկրներում հակածայրահեղական գործողություններ իրականացնելու համար տեղակայված ֆրանսիական զորքերը հետագայում դուրս բերվեցին։ Բենինում, որը նույնպես նախկին ֆրանսիական գաղութ է, հաջող հեղաշրջումը կդիտարկվի որպես Փարիզի և Մակրոնի հեղինակությանը տարածաշրջանում լրացուցիչ հարված։ Ըստ նախագահի օգնականի՝ Մակրոնը կիրակի օրը զրուցել է Տալոնի, ինչպես նաև առաջատար տարածաշրջանային տերությունների՝ Նիգերիայի և Սիեռա Լեոնեի առաջնորդների հետ, որը նախագահում է Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային բլոկում՝ Արևմտյան Աֆրիկայի Պետությունների Տնտեսական ընկերակցությունում (ECOWAS)։ Բենինում ստեղծված իրավիճակը «լուրջ մտահոգություն է առաջացրել նախագահ (Մակրոնի) մոտ: Նա միանշանակ դատապարտել է անկայունացման այդ փորձը, որը, բարեբախտաբար, ձախողվել է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի օգնականը։
«Ֆրանսիան իր լիակատար քաղաքական աջակցությունն է հայտնել ECOWAS-ին, որը շատ նշանակալի ջանքեր է գործադրել այս շաբաթավերջին»,- ասել է նա։
ECOWAS-ը հայտարարել է, որ Գանայից, Կոտ դ'Իվուարից, Նիգերիայից և Սիեռա Լեոնեից զորքեր են տեղակայվել Բենին՝ կառավարությանը «սահմանադրական կարգը պահպանելու» հարցում օգնելու համար։ Դաշինքը սպառնացել է միջամտել 2023 թվականի Նիգերում տեղի ունեցած հեղաշրջման ժամանակ, որի արդյունքում տապալվեց Մակրոնի դաշնակից նախագահ Մոհամեդ Բազումը, սակայն, ի վերջո, որևէ գործողություն չձեռնարկեց։ Ֆրանսիան ևս որևէ գործողություն չձեռնարկեց Նիգերում տեղի ունեցած պետական հեղաշրջման դեմ։





























