Վաշինգտոնն ու Կիևը ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագրի շրջանակում քննարկում են մի առաջարկ, համաձայն որի՝ Ուկրաինան կարող է անդամակցել Եվրոպական միությանը (ԵՄ) արդեն 2027 թվականին։ Այս մասին գրում է The Washington Post-ի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։

ԵՄ-ում Ուկրաինայի նման արագ անդամակցությունը անհանգստացնում է Եվրամիության որոշ երկրներին, նշում է նա։ Սակայն Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ կկարողանա հաղթահարել Հունգարիայի հակազդեցությունը, որը դեմ է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը։

Ենթադրվում է, որ ԵՄ անդամակցությունը կնպաստի Ուկրաինայի առևտրի և ներդրումների խթանմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին։

Բանակցությունների ընթացքում քննարկվում է նաև առաջարկը, ըստ որի պետք է ապառազմականացված գոտի ստեղծել «հրադադարի ողջ գծի երկայնքով»՝ Դոնեցկի մարզից մինչև Խերսոն և Զապորոժիե։ «Այդ ապառազմականացված գոտուց այն կողմ տեղակայված կլինի մեկ այլ, ավելի խորը գոտի, որտեղ արգելված կլինեն ծանր սպառազինությունները։ Այս գոտին կլինի մշտական ​​հսկողության ներքո, ինչպես Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտին»,— գրում է Իգնատիուսը։

Նրա տեղեկություններով, այլ գաղափարների թվում է նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱՄՆ վերահսկողության տակ անցումը։

Համաձայն ԱՄՆ խաղաղության ծրագրի առաջին տարբերակի, որը հրապարակվել է լրատվամիջոցներում նոյեմբերի 20-ին, Ուկրաինան Սահմանադրությամբ ամրագրում է, որ չի անդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն պարտավորվում է ապագայում Ուկրաինային չընդունել դաշինք։ Ընդ որում, Ուկրաինան կունենա Եվրոպական միությանը անդամակցելու իրավունք։ Այնտեղ նաև ասվում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը կգործարկվի ԱԷՄԳ-ի հսկողության ներքո, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ 50/50 ձևաչափով։