Լատվիայի կառավարությունը 2026 թվականին պաշտպանության ծախսերի համար ավելի քան 2 միլիարդ եվրո կհատկացնի։ Այս գումարը ռեկորդային կլինի երկրի պատմության մեջ, հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սփրուդսը։
«Սա կազմում է ՀՆԱ-ի 4.91%-ը։ Սա ավելի քան 2 միլիարդ եվրո է», - հայտարարել է Սփրուդսը՝ հավելելով, որ Լատվիայի իշխանությունները «առաջին անգամ են պաշտպանությանը 2 միլիարդ եվրո հատկացնում»։ Պաշտոնյայի խոսքերը մեջբերել է պետական LSM հեռարձակողը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Լատվիայի իշխանությունները նախատեսում են հատկացված բյուջեի մոտ 53%-ը ծախսել ռազմական կարողությունների զարգացման վրա։ Մնացած միջոցները, ըստ տեղեկությունների, կծախսվեն զինված ուժերի և ենթակառուցվածքների պահպանման վրա։
2026 թվականին Լատվիայի իշխանությունները նախատեսում են իրականացնել մի քանի խոշոր պաշտպանական նախագծեր։ Մասնավորապես, դրանք ներառում են մարտական մեքենաների և հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերում, ինչպես նաև զինամթերքի քանակի ավելացում։
Փետրվարին Լատվիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կառավարությունը հաստատել է պաշտպանական ծախսերի նվազագույն մակարդակը սահմանող որոշումը։ Նախկինում հաղորդվել է, որ դա 2026 թվականին կկազմի երկրի ՀՆԱ-ի 4%-ը և ՀՆԱ-ի 5%-ը՝ սկսած 2027 թվականից։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները Հաագայում հունիսին կայացած գագաթնաժողովում, ԱՄՆ-ի առաջարկով, համաձայնել են պաշտպանության ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը։ Դաշինքի անդամ երկրները մինչև 2035 թվականը ՀՆԱ-ի առնվազն 3,5%-ը կհատկացնեն ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի համաձայնեցված սահմանման հիման վրա և մինչև ՀՆԱ-ի 1,5%-ը՝ կրիտիկական ենթակառուցվածքների, ցանցերի պաշտպանության, քաղաքացիական պատրաստվածության և կայունության ապահովման, նորարարությունների խթանման և ռազմարդյունաբերական համալիրի ամրապնդման համար։





























