ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական մեդիա հարթակում խստորեն քննադատել է մի քանի լրատվամիջոցների՝ «կեղծ հաղորդագրությունների» համար, որոնք, ըստ նրա, ուղղված են Միացյալ Նահանգների նախագահին զրպարտելուն և նվաստացնելուն։
Այդ կապակցությամբ՝ Թրամփը շեշտել է, թե «երբեք չի եղել որևէ նախագահ, որն այդքան ջանասիրաբար աշխատի», որքան ինքը։
«Իմ աշխատանքային օրն ամենաերկարն է, և արդյունքները լավագույններից են։ Ես կանգնեցրել եմ ութ պատերազմ՝ այդ ընթացքում փրկելով միլիոնավոր կյանքեր, ստեղծելով մեր երկրի պատմության մեջ ամենամեծ տնտեսությունը, բիզնեսը վերադարձրել Միացյալ Նահանգներ աննախադեպ մակարդակով, վերակառուցել մեր բանակը, հասել պատմության մեջ ամենամեծ հարկային և կարգավորիչ կրճատումներին և փակել մեր բաց և շատ վտանգավոր տարածքը՝ Հարավային սահմանը, երբ նախորդ վարչակազմերը չեն կարողացել դա անել, և Ամերիկայի Միացյալ Նահանգների շուրջ ստեղծել ենք աուրա, որն աշխարհի բոլոր երկրներին ստիպել է ավելի շատ հարգել մեզ, քան երբևէ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ այս ամենից բացի, ինքը «շատ ձանձրալի» բժշկական հետազոտություններ է անցել Ուոլթեր Ռիդի ազգային բժշկական կենտրոնում՝ առաջատար բժիշկների հսկողության ներքո։
Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, ոմանք նույնիսկ ասել են, որ «երբեք նման բարձր միավորներ չեն տեսել»։
«Ես այս թեստերն անցնում եմ, քանի որ պարտականություն ունեմ մեր երկրի առջև։ Բժշկական հետազոտություններից բացի, վերջերս երեք անգամ արել եմ մի բան, որը ոչ մի այլ նախագահ չի արել, այսինքն՝ անցել եմ այսպես կոչված ճանաչողական հետազոտություն, որից շատ քչերը կարող էին գխուխ հանել, որոնց թվում՝ նրանք, ովքեր աշխատում են «New York Times»-ում։ Եվ ես երեքն էլ անցել եմ մեծ թվով բժիշկների և փորձագետների առջև, որոնցից շատերին չեմ ճանաչում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ընդսմին, նշել է նա, չնայած այս ամենին, ամբողջ ծախսած ժամանակին և աշխատանքին, «New York Times»-ը և մի շարք այլ հրատարակություններ «սիրում են ձևացնել, թե ես «դանդաղում եմ», հավանաբար այնքան հնարամիտ չեմ, որքան նախկինում էի, կամ որ ֆիզիկապես վատառողջ եմ՝ գիտակցելով, որ դա ճիշտ չէ, և գիտակցելով, որ ես շատ եմ աշխատում, գուցե ավելի շատ, քան երբևէ աշխատել եմ»։
«Ես կիմանամ, թե երբ «կդանդաղեմ», բայց ոչ հիմա։ Բժշկական զննումների, ճանաչողական թեստերի և մնացած ամեն ինչի հետ կապված իմ կատարած ամբողջ աշխատանքից հետո, ես իսկապես հավատում եմ, որ «New York Times»-ը և այլ թերթեր անընդհատ հրապարակում են ԿԵՂԾ հաղորդագրություններ՝ «ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ» զրպարտելու և նվաստացնելու համար։ Նրանք ժողովրդի իրական թշնամիներն են, և մենք պետք է ինչ-որ բան անենք դրա հետ կապված։ Նրանք սխալ են ներկայացրել իմ ընտրությունների բոլոր արդյունքները և, ըստ էության, ստիպված են եղել ներողություն խնդրել իրենց գրածի մեծ մասի համար»։ Ամենալավ բանը, որ կարող է պատահել այս երկրին, այն է, որ «New York Times»-ն այլևս չհրատարակվի, քանի որ այն տեղեկատվության ահավոր, կողմնակալ և խաբուսիկ «աղբյուր» է։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ ԱՄԵՐԻԿԱՆ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։





























