ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է ուկրաինական հարցի շուրջ եվրոպացի առաջնորդների հետ ունեցած տարաձայնությունների մասին՝ հայտարարելով, որ նոր հանդիպումները կարող են ժամանակի կորուստ լինել, այն բանից հետո, երբ, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Կիևը Վաշինգտոնին է ներկայացրել պատերազմի դադարեցման վերաբերյալ իր վերջին առաջարկները։
«Կարծում եմ՝ մարդկանց վերաբերյալ մենք փոքր տարաձայնություններ ունեինք և կտեսնենք, թե դա ինչով կավարտվի։ Եվ մենք ասացինք, որ հանդիպումից առաջ ցանկանում ենք ինչ-որ բան իմանալ։ Նրանք կցանկանային, որ այս հանգստյան օրերին հանդիպում անցկացնեինք Եվրոպայում։ Եվ մենք որոշում կկայացնենք՝ կախված նրանից, թե ինչ կներկայացնեն նրանք։ Մենք չենք ուզում ժամանակ կորցնել։ Երբեմն պետք է թույլ տալ, որ մարդիկ ինքնուրույն կարգավորեն հարցերը, իսկ երբեմն՝ ոչ։ Բայց խնդիրն այն է, որ թույլ տալով, որ մարդիկ ինքնուրույն կարգավորեն հարցերը, դուք շաբաթական հազարավոր մարդիկ եք կորցնում։ Դա անհեթեթ է», — Թրամփի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը։
Ըստ նրա խոսքերի՝ նա Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ խոսել է «բավականին կտրուկ արտահայտություններով»։
Թրամփը հավելել է, որ եվրոպացի ղեկավարները ցանկանում են հանգստյան օրերին Եվրոպայում հանդիպում անցկացնել Զելենսկու և ԱՄՆ-ի մասնակցությամբ, բայց նա իր մասնակցության մասին որոշում կկայացնի միայն նրանցից «պատասխաններ» ստանալուց հետո։





























