ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը Ջո Բայդենի նախագահության տարիներին երկիր մուտք գործած եւ ներկայիս վարչակազմի կողմից անօրինական համարվող մարդկանց թիվը գնահատել է 15-20 միլիոն։
«Գիշերներն ինձ չի թողնում քնել այն փաստը, որ մենք չգիտենք այս երկրում գտնվող բոլոր մարդկանց մասին, թե ովքեր են նրանք եւ ինչ մտադրություններ ունեն։ Մենք գնահատում ենք, որ Բայդենի վարչակազմի օրոք 15-20 միլիոն մարդ է երկիր մտել հարավային սահմանով»,- ասել է Նոեմը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների առջեւ։
Նա ավելացրել է, որ իրավապահ մարմինները մտադիր են ակտիվացնել անօրինական ներգաղթյալներին պարզելու եւ նրանց ԱՄՆ-ից արտաքսելու ջանքերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած արշավի շրջանակում։
Իր երդմնակալությունից հետո Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է ԱՄՆ պատմության մեջ անօրինական ներգաղթյալների դեմ ամենամեծ արտաքսման գործողությունն իրականացնելու մտադրության մասին։





























