Կալիֆոռնիան և ԱՄՆ 19 այլ նահանգներ ուրբաթ օրը դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողների համար նոր H-1B վիզաների համար սահմանված 100,000 դոլար վճարը, հաղորդում է Reuters-ը։
Բոստոնի դաշնային դատարանում ներկայացվող դատական հայցը առնվազն երրորդն է, որով վիճարկվում է սեպտեմբերին Թրամփի կողմից հայտարարված վճարը, որը կտրուկ բարձրացնում է H-1B վիզաների արժեքը։
Ներկայումս գործատուները սովորաբար վճարում են 2000-ից 5000 դոլար վճարներ: Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտայի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփը չունի վճարը սահմանելու լիազորություններ և որ դա խախտում է դաշնային օրենքը, որը թույլ է տալիս ներգաղթային մարմիններին գանձել միայն այն վճարները, որոնք անհրաժեշտ են վիզային ծրագրերի կառավարման ծախսերը հոգալու համար:
H-1B ծրագիրը թույլ է տալիս ամերիկյան գործատուներին մասնագիտացված ոլորտներում աշխատանքի ընդունել օտարերկրյա աշխատողների։
Տեխնոլոգիական ոլորտը, որի բազմաթիվ ընկերությունների գլխամասային գրասենյակները գտնվում են Կալիֆոռնիայում, կախված է վիզաներ ստացող աշխատողներից։ Դեմոկրատ Բոնտան հայտարարել է, որ 100,000 դոոլարի չափով տուրքը անհարկի ֆինանսական բեռ կստեղծի կենսականորեն կարևոր ծառայություններ մատուցողների համար, ինչպիսիք են կրթությունը և առողջապահությունը, կսրի աշխատուժի պակասը և ծառայությունների կրճատման վտանգ կառաջացնի։
Սակայն բիզնես խմբերն ու խոշոր ընկերությունները պնդում են, որ H-1B վիզաներ ստանալը որակյալ ամերիկացի աշխատողների պակասի խնդիրը լուծելու կարևոր միջոց է։ ԱՄՆ Առևտրի պալատը, որը երկրի խոշորագույն բիզնես լոբբին է, ինչպես նաև արհմիությունների, գործատուների և կրոնական խմբերի կոալիցիաներն առանձին հայցեր են ներկայացրել՝ վիճարկելով տուրքի չափը։
Վաշինգտոնի (Կոլումբիայի շրջան) դատավորը մտադիր է հաջորդ շաբաթ լսումներ անցկացնել Պալատի հայցի վերաբերյալ։ Թրամփի կարգադրությունը արգելում է նոր H-1B վիզա ստացողների մուտքը Միացյալ Նահանգներ, եթե նրանց վիզան ձևակերպող գործատուն չի կատարում 100,000 դոլարի վճարումը։ Վարչակազմը հայտարարել է, որ կարգադրությունը չի տարածվում H-1B վիզայի գործող տերերի կամ սեպտեմբերի 21-ից առաջ դիմած անձանց վրա։
Թրամփն իր հրամանագրում հղում է կատարել դաշնային ներգաղթի օրենսդրության համաձայն իր լիազորություններին՝ որոշ օտարերկրյա քաղաքացիների մուտքը սահմանափակելու համար, որոնք, ըստ նրա, վնաս կհասցնեն ԱՄՆ-ի շահերին։ Բոնտայի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարել է, որ 100,000 դոլարի տուրքը զգալիորեն գերազանցում է H-1B միջնորդությունների մշակման արժեքը, ինչը այն դարձնում է ապօրինի։
Նրա հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է Թրամփին միակողմանիորեն հարկեր սահմանել Միացյալ Նահանգներում եկամուտներն ավելացնելու համար, ինչը Կոնգրեսի իրավասությունն է։




























