Ֆինանսական շուկայում զեղծարարության նոր դեպքեր չեն արձանագրվել։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ավելի վաղ զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։ Այսօր նրանք նաև ՀՀ քննչական կոմիտեի մոտ են բողոքի ակցիա անցկացրել։
ԿԲ նախագահը կոչ արեց մարդկանց լինել զգոն. «Ինչպես տնից դուրս գալուց տան դուռը բաց չեն թողնում, նույնկերպ վարվեն վիրտուալ տիրույթի ակտիվների հետ։ Դա շատ կարևոր է։ Կանխարգելիչ գործողությունները ոչ միայն մեզ թույլ է տալիս պաշտպանել անհատին, այլ նաև ստեղծել միջավայր, որտեղ ինովացիան կարող է տեղի ունենալ։
Թվային տիրույթն իր հետ բերում է բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է համատեղ ու խելամիտ կառավարել։ Եթե ռիսկերի այս կառավարումը չլինի, ապա ինչ–որ պահի ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել, որոնք կլինեն հետընթաց այն առաջընթացի համեմատ, որը մենք այսօր փորձում ենք արձանագրել։ Օրինակ, ասենք, անցնենք թուղթ ու գրիչին»,– ասաց Գալստյանը։
Ինչ վերաբերում է արձանագրված դեպքերին, ԿԲ նախագահը նշեց. «Ես չեմ տեսնում նոր դեպքեր, որոնք աճելու միտում ունեն, սակայն սա չի նշանակում որ նոր դեպքեր չեն լինելու։ Թվային զեղծարարությունները ֆինանսական շուկայի` աշխարհի մակարդակով լրջագույն խնդիրներից մեկն է` 21–րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկը։ Սրան զուգահեռ մենք ամենօրյա կտրվածքով զբաղվում ենք հին դեպքերով»,– նշեց ԿԲ նախագահը։
Հիշեցնենք նաև` վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույքը բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
ԿԲ նախագահը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։





























