Հայաստանի քաղաքական դաշտում ազատականությունն ուղղակի նահանջ է ապրել: Այս մասին, այսօր` փետրվարի 6-ին, ասուլիսի ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նրա խոսքով, 1991 թվականից ի վեր ազատականության մասին միշտ խոսվել է, բայց իրականում այն չի գործել:
«Մեր կուսակցության շարքերում հավաքվել մադիկ, ովքեր քաղաքականության մեջ եղել են այնքան ժամանակ, ինչքան Հայաստանի անկախ հանրապետությունն է եւ նրանք բոլորը ազատական գաղափարախոսության հետեւորդներ են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 2008-ի համազգային շարժմանը, Քոքոբելյանն ասաց. «2008-ի նոր շարժմանն էլ մենք բոլորս եղել ենք ակտիվ մասնակիցներ եւ մեր թիմում հավաքված մարդկանց մեծ մասը, թող ամպագորգոռ չթվա, եղել են այն մարդիկ, ովքեր իրենց ուսերին կրել են այդ բեռի մի մասը»:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ միշտ էլ կողմ են եղել երկխոսությանը, բայց այն դեպքում, երբ երկխոսելու համար ճիշտ պահ է ընտրվում: Նրա խոսքով, պետք է երկխոսել այն ժամանակ, երբ դու ուժեղ ես, այսինքն` անմիջապես ընտրություններից հետո, երբ բոլորը համախմբված են, բայց ոչ ընտրություններից տարիներ անց:
Քոքոբելյանն անդրադարձավ նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին, նշելով. «Ցանկացած լավ օրենք, ցանկացած լավ օրենսգիրք վատ կատարողի ձեռքում ոչինչ է, իսկ ցանկացած վատ օրենսգիրք` լավ կատարողի ձեռքում ամեն ինչ»: Նրա խոսքով, թեեւ իրենք համամասնական ընտրակարգի կողմնակից են, բայց մեծամասնականով առաջադրելու են իրենց թեկնածուներին:




























