Blue Origin ընկերությունը առաջին անգամ հաշմանդամի անվասայլակով մարդու է ընդգրկել առաքելության կազմում, որը կմեկնի ենթաուղեծրային թռիչքի։
Ինչպես տեղեկացրել է ընկերությունը, New Shepard հրթիռը կմեկնարկի Վան Հորն քաղաքի (Տեխասի նահանգ) տիեզերակայանից դեկտեմբերի 20-ին։ NS-37 առաքելության անձնակազմում կլինի վեց մարդ, նրանցից մեկը լինելու է Եվրոպական տիեզերական գործակալության ինժեներ Միքայելա Բենթհաուսը։ 2018թ. նա վթարի էր ենթարկվել եւ լրջորեն վնասել ողնուղեղը։
Նրա հետ միասին ենթաուղեծրային թռիչք կկատարեն ներդրողներ Ջոուի Հայդը եւ Ադոնիս Պուրուլիսը, աերոտիեզերական ինժեներ Հանս Քյոնիգսմանը, ձեռներեց Նիլ Միլչը եւ համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ Ջեյսոն Սթենսելը։ Թռիչքի ընթացքում տիեզերասարքը անձնակազմի հետ միասին կհատի Կարմանի գիծը՝ տիեզերքի պայմանական սահմանը 100 կիլոմետր բարձրությունում, եւ կվերադառնա Երկիր պարաշյուտային համակարգի օգնությամբ։
Blue Origin-ը հիմնադրվել է ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսի կողմից։ New Shepard նավի օգնությամբ ընկերությունը ծառայություններ է մատուցում ենթաուղեծրային տուրիզմի շուկայում՝ մրցակցելով Virgin Galactic-ի հետ, որտեղ տոմսի արժեքը կազմում է 600 հազար դոլար մեկ տեղի համար։ New Shepard-ի տոմսի ստույգ արժեքը չի հրապարակվում։ Ծրագրի գործունեության ընթացքում թռիչք կատարել է մոտ 80 մարդ։





























