Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները Երեւանի եւ Արտաշատ քաղաքի մի շարք առեւտրի կետերում հայտնաբերել եւ կանխել են կասկածելի, ինչպես նաեւ ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի վաճառքը:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով` ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի ճշտության ստուգման նպատակով, տեսչության աշխատակիցներն օրերս այցելել են «Այրարատ» տոնավաճառ, որտեղ անհատ ձեռնարկատեր Կորյուն Խաչատրյանի մոտ հայտնաբերել են  կասկածելի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Երեւանի կոնյակի գործարան», «ՄԱՊ», «Հոկտեմբերյանի կոնյակի գործարան» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների պիտակներով տարբեր տեսակի կոնյակներ. 11 շիշ կոնյակ դրոշմավորված է եղել շշերի տարողությանը չհամապատասխանող նշագրումով ակցիզային դրոշմանիշերով, որոնց տարբերակիչ նշանները եւ հոլոգրաֆիկ ժապավենները չեն համապատասխանել պետական նմուշին:

Մայրաքաղաքի մեկ այլ առեւտրի կետում էլ` Շինարարների փողոցում գործող «ԼԼԼ եւ ՍՌԷ» ՍՊԸ խանութում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության համապատասխան բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ժամկետանց դրոշմանիշերով գինու շշեր, իսկ Արտաշատում գործող «Պարտեզ ՄԱԽ» ՍՊԸ խանութում` ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի տեսականի: