Անվտանգության երաշխիքները միակողմանի գործիքներ չեն։ Դրանք գործում են երկու ուղղությամբ. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված բաց նամակում հայտարարել է ամերիկացի տնտեսագետ և պետական քաղաքականության ոլորտի վերլուծաբան Ջեֆրի Սաքսը։

«Այդ պատասխանատվությունը հնարավոր չէ թոթափել կարգախոսների, ընտրովի հիշողության կամ պատերազմի մասին խոսակցությունների աստիճանական նորմալացման միջոցով։ Սա ո՛չ ռուսաստանյան փաստարկ է, ո՛չ էլ ամերիկյան. սա եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքն է՝ հստակ ամրագրված Հելսինկյան եզրափակիչ ակտում, ԵԱՀԿ շրջանակներում և հետպատերազմյան տասնամյակների դիվանագիտության մեջ։ Գերմանիան պարտավոր է այս պահին վերաբերվել պատմական լրջությամբ և ազնվությամբ։ Այս առումով վերջին շրջանի հռետորաբանությունն ու քաղաքական ընտրությունը ձախողվել են։

1990 թվականից սկսած Ռուսաստանի անվտանգային հիմնական շահերը բազմիցս անտեսվել են, խարխլվել կամ ուղղակիորեն խախտվել՝ հաճախ Գերմանիայի ակտիվ մասնակցությամբ կամ լուռ համաձայնությամբ։ Այդ հետագիծը հնարավոր չէ ջնջել, եթե ցանկանում ենք, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, և այն չի կարելի անտեսել, եթե Եվրոպան ուզում է խուսափել մշտական առճակատումից։ Սառը պատերազմի ավարտին Գերմանիան բազմիցս և միանշանակ հավաստիացրել էր խորհրդային, իսկ հետո՝ ռուսաստանցի առաջնորդներին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։ Այդ հավաստիացումները տրվել էին Գերմանիայի վերամիավորման համատեքստում։ Գերմանիան դրանցից հսկայական օգուտ քաղեց։ Ձեր երկրի արագ վերամիավորումը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում, տեղի չէր ունենա առանց Խորհրդային Միության համաձայնության, որը հիմնված էր այդ պարտավորությունների վրա։ Ձևացնելը, թե այդ հավաստիացումները երբեք նշանակություն չեն ունեցել կամ դրանք պարզապես պատահական դիտողություններ էին, ռեալիզմ չէ։ Դա պատմական ռևիզիոնիզմ է։

1999 թվականին Գերմանիան մասնակցեց Սերբիայի նատօյական ռմբակոծություններին, ինչը դարձավ ՆԱՏՕ-ի իրականացրած առաջին խոշոր պատերազմը՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման։ Դա պաշտպանական գործողություն չէր։ Դա միջամտություն էր, որը նախադեպ ստեղծեց և հիմնովին փոխեց հետսառըպատերազմյան անվտանգության ապահովման կարգը։ Ռուսաստանի համար Սերբիան աբստրակցիա չէր։ Իմաստն ակնհայտ էր. ՆԱՏՕ-ն ուժ կկիրառի իր տարածքից դուրս՝ առանց ՄԱԿ-ի հավանության և հաշվի չառնելով Ռուսաստանի առարկությունները։

2002 թվականին Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկան Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից, որը երեք տասնամյակ շարունակ եղել էր ռազմավարական կայունության անկյունաքարը։ Գերմանիան լուրջ առարկություններ չներկայացրեց։ Սակայն սպառազինությունների վերահսկման ճարտարապետության քանդումը տեղի չունեցավ վակուումում։ Ռուսաստանի սահմաններին մոտ տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը Ռուսաստանն իրավացիորեն ընկալեց որպես ապակայունացնող գործոն։ Այդ ընկալումները որպես «պարանոյա» որակելը քաղաքական քարոզչություն էր, այլ ոչ թե ողջամիտ դիվանագիտություն։ 2008 թվականին Գերմանիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը՝ չնայած միանշանակ նախազգուշացումներին, որ դա կխարխլի տարածքային ամբողջականության սկզբունքը և նախադեպ կստեղծի այլ երկրների համար։ Դարձյալ Ռուսաստանի առարկությունները մերժվեցին որպես «ոչ անկեղծ», այլ ոչ թե որպես լուրջ ռազմավարական մտահոգություններ։ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի հաշվին ընդլայնելու անդադար ձգտումը, որի մասին պաշտոնապես հայտարարեցին 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում, հատեց «կարմիր գծերից» ամենաընդգծվածը՝ չնայած Մոսկվայի կողմից տարիներ շարունակ հնչող բարձրաձայն, հստակ, հետևողական և բազմակի առարկություններին։ Երբ մեծ տերությունը սահմանում է անվտանգային հիմնական շահերը և տասնամյակներ շարունակ կրկնում դրանք, դրանք անտեսելը դիվանագիտություն չէ։ Դա կանխամտածված էսկալացիա է։

2014 թվականից ի վեր Գերմանիայի դերը Ուկրաինայում առանձնակի տագնապ է հարուցում։ Բեռլինը, Փարիզի և Վարշավայի հետ, միջնորդ դարձավ նախագահ Յանուկովիչի և ընդդիմության միջև 2014 թվականի փետրվարի 21-ի համաձայնագրի կնքման հարցում։ Այն նպատակ ուներ դադարեցնել բռնությունը և պահպանել սահմանադրական կարգը։ Մի քանի ժամ անց այդ համաձայնագիրը չեղարկվեց։ Հաջորդեց բռնի տապալումը։ Նոր կառավարությունը ձևավորվեց հակասահմանադրական ճանապարհով։ Գերմանիան անմիջապես ճանաչեց և սատարեց նոր ռեժիմը։ Գերմանիայի երաշխավորած համաձայնագիրը չեղարկվեց առանց որևէ հետևանքի։ 2015-ի Մինսկի երկրորդ համաձայնագիրը պետք է դառնար շտկող հիմք՝ Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար։ Գերմանիան դարձյալ հանդես եկավ որպես երաշխավոր։

Սակայն յոթ տարվա ընթացքում Ուկրաինան չէր կատարում Մինսկի երկրորդ համաձայնագիրը։ Կիևը բացահայտորեն մերժում էր դրա քաղաքական դրույթները։ Գերմանիան հետամուտ չեղավ դրանց կատարմանը։ Գերմանացի և եվրոպացի այլ նախկին առաջնորդներն այդ ժամանակից ի վեր խոստովանել են, որ Մինսկի պայմանավորվածություններին վերաբերվել են ոչ թե որպես խաղաղության ծրագրի, այլ որպես զսպող գործողության։ Միայն այս խոստովանությունը պետք է հանգեցնի պատասխանատվության։ Այս համապատասխանությամբ՝ է՛լ ավելի շատ զենքի, է՛լ ավելի կոշտ հռետորաբանության և է՛լ ավելի մեծ «վճռականության» կոչերն անհամոզիչ են հնչում։ Դրանք Եվրոպային խնդրում են մոռանալ մոտ անցյալը՝ արդարացնելու համար ապագա մշտական առճակատումը։ Բավակա՛ն է քարոզչությունը։

Բավակա՛ն է հասարակության բարոյական ինֆանտիլացումը։ Եվրոպացիները լիովին ունակ են հասկանալու, որ անվտանգության դիլեմաներն իրական են, որ ՆԱՏՕ-ի գործողություններն ունեն հետևանքներ, և որ խաղաղության հնարավոր չէ հասնել՝ ձևացնելով, թե Ռուսաստանի անվտանգության խնդիրները գոյություն չունեն։ Եվրոպական անվտանգությունն անբաժանելի է։ Այս սկզբունքը նշանակում է, որ ոչ մի երկիր չի կարող ամրապնդել իր անվտանգությունը մյուսի անվտանգության հաշվին՝ առանց անկայունություն հրահրելու։ Դա նաև նշանակում է, որ դիվանագիտությունը զիջողականություն չէ, իսկ պատմական ազնվությունը դավաճանություն չէ։ Գերմանիան ժամանակին հասկացել էր սա։ «Արևելյան քաղաքականությունը» ոչ թե թուլություն էր, այլ ռազմավարական հասունություն։ Դրանում ընդունվում էր, որ Եվրոպայի կայունությունը կախված է փոխգործակցությունից, սպառազինությունների վերահսկումից, տնտեսական կապերից և Ռուսաստանի անվտանգության օրինական շահերի հարգումից։ Այսօր Գերմանիան կրկին ունի այդ հասունության կարիքը։ Դադարե՛ք խոսել այնպես, ասես պատերազմն անխուսափելի է կամ օգտակար։

Դադարե՛ք ռազմավարական մտածողությունն օգտագործել դաշինքի ներսում թեմաներ քննարկելու համար։ Սկսե՛ք լրջորեն զբաղվել դիվանագիտությամբ՝ ոչ թե որպես PR միջոցառում, այլ որպես եվրոպական անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու անկեղծ փորձ, որը ներառում է Ռուսաստանը, այլ ոչ թե բացառում այն։ Եվրոպական անվտանգության նորացված ճարտարապետությունը պետք է սկսվի հստակությունից և զսպվածությունից։ Նախ՝ դա պահանջում է ՆԱՏՕ-ի ընդլայնման միանշանակ դադարեցում դեպի արևելք՝ Ուկրաինա, Վրաստան և Ռուսաստանի սահմանների երկայնքով գտնվող ցանկացած այլ պետություն։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը հետսառըպատերազմյան կարգի անխուսափելի գիծ չէր. դա քաղաքական ընտրություն էր՝ կատարված 1990 թվականին տրված հանդիսավոր հավաստիացումների խախտմամբ և իրականացված՝ չնայած բազմակի նախազգուշացումներին, որ դա կհանգեցնի Եվրոպայի ապակայունացմանը։ Ուկրաինայի անվտանգությունը չի ապահովվի գերմանական, ֆրանսիական կամ եվրոպական այլ զորքերի առաջնագծային տեղակայմամբ, ինչը միայն կխորացնի պառակտումը և կերկարաձգի պատերազմը։ Այն կապահովվի չեզոքության շնորհիվ՝ ամրապնդված հուսալի միջազգային երաշխիքներով։

Պատմական տեղեկանքը միանշանակ է. ո՛չ Խորհրդային Միությունը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը հետպատերազմյան շրջանում չեն խախտել չեզոք պետությունների ինքնիշխանությունը՝ ո՛չ Ֆինլանդիայի, ո՛չ Ավստրիայի, ո՛չ Շվեդիայի, ո՛չ Շվեյցարիայի և ոչ էլ մյուսների։ Չեզոքությունն աշխատել է, որովհետև այն հաշվի է առել բոլոր կողմերի անվտանգության օրինական շահերը։ Ոչ մի լուրջ պատճառ չկա ձևացնելու, թե դա նորից չի աշխատի։ Երկրորդ՝ կայունությունը պահանջում է ապառազմականացում և փոխադարձություն։ Ռուսաստանյան զորքերը պետք է գտնվեն ՆԱՏՕ-ի սահմաններից բավարար հեռավորության վրա, իսկ ՆԱՏՕ-ի ուժերը, ներառյալ հրթիռային համակարգերը, պետք է գտնվեն Ռուսաստանի սահմաններից բավարար հեռավորության վրա։ Անվտանգությունն անբաժանելի է, այլ ոչ թե միակողմանի։

Սահմանամերձ շրջանները պետք է ապառազմականացվեն ստուգելի համաձայնագրերի հիման վրա, այլ ոչ թե գերհագեցվեն ավելի ու ավելի շատ զենքով։ Պատժամիջոցները պետք է չեղարկվեն բանակցային կարգավորման շրջանակներում. դրանք խաղաղություն չեն բերել և լուրջ վնաս են հասցրել հենց Եվրոպայի տնտեսությանը։ Գերմանիան, մասնավորապես, պետք է մերժի ռուսաստանյան պետական ակտիվների անխոհեմ բռնագրավումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և խարխլում է վստահությունը համաշխարհային ֆինանսական համակարգի նկատմամբ։

Ռուսաստանի հետ բանակցված օրինական առևտրի միջոցով գերմանական արդյունաբերության վերածնունդը կապիտուլյացիա չէ։ Դա տնտեսական ռեալիզմ է։ Եվրոպան չպետք է կործանի սեփական արտադրական բազան հանուն բարոյական կեցվածքի։ Վերջապես, Եվրոպան պետք է վերադառնա սեփական անվտանգության ինստիտուցիոնալ հիմքերին։ ԵԱՀԿ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն, պետք է կրկին դառնա եվրոպական անվտանգության, վստահության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման կենտրոնական ֆորումը։ Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը հենց դա է նշանակում. եվրոպական անվտանգության կարգ՝ հիմնված եվրոպական շահերի, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիզմին մշտական ենթակայության վրա։ Ֆրանսիան կարող է իրավացիորեն ընդլայնել իր միջուկային զսպման ուժերը որպես եվրոպական անվտանգության հովանոց, բայց միայն խիստ պաշտպանական դիրքով՝ առանց առաջնագծային տեղակայման համակարգերի, որոնք սպառնում են Ռուսաստանին։

Եվրոպան պետք է շտապ ձգտի վերադառնալու Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի շրջանակներին և ռազմավարական միջուկային սպառազինությունների վերահսկման համապարփակ բանակցություններ վարի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև Չինաստանի մասնակցությամբ։

Ամենակարևորը, կանցլեր Մերց, ուսումնասիրե՛ք պատմությունը և ազնի՛վ եղեք դրա հանդեպ։ Առանց ազնվության չի կարող լինել վստահություն։ Առանց վստահության չի կարող լինել անվտանգություն։ Իսկ առանց դիվանագիտության Եվրոպան ռիսկի է դիմում կրկնել այն աղետները, որոնցից, ինչպես ինքն է պնդում, դասեր է քաղել։

Պատմությունը կդատի, թե Գերմանիան ինչ է նախընտրում հիշել, և ինչ՝ մոռանալ։ Այս անգամ թող Գերմանիան ընտրի դիվանագիտությունն ու խաղաղությունը և հարգի իր խոսքը»,- իր նամակում նշել է Ջեֆրի Սաքսը։