Սովորական PR, կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում, անհասկանալի կեցվածք: Այսպես են բնորոշում հանրապետական պատգամավորները կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծը տապալելու փաստը:
Հայաստանի կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծն այսօր` փետրվարի 6-ին տապալվել էր, քանի որ ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով չէր մասնակցել քվեարկությանը` տապալելով օրինագծի ընդունումը եւ արժանանալով կոալիցիոն գործընկերների խիստ գնահատականներին: Առաջին քվեարկության ժամանակ այն ստացել էր 51, վերաքվեարկության ժամանակ` 53 կողմ ձայն: «Ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից եւ այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջեւ կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի եւ գործի նույնությունը»,- ԱԺ ամբիոնից զայրացած հայտնել էր խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը:
Ընտրություններից մոտ երեք ամիս առաջ «Բարգավաճ Հայաստանի» այս քայլը ոչ այլ ինչ է, քան վատ կազմակերպված PR, եւ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունը փորձում է կառավարության օրինագծերը տապալելով ընդդիմադիր ուժի համարում ձեռք բերել: Թեպետ, պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ին չի հաջողվելու մոլորեցնել ընտրողներին եւ տարիներ շարունակ կառավարող կոալիցիային մաս կազմելուց հետո հառնել ընդդիմադրի կերպարով:
«Դա կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում էր: Կարծում եմ` օրենքը բավական լուրջ քննարկվել էր, որեւէ շահերի բախում չէր կարող լինել: Դա հակակոռուպցիոն օրենքների շարքին է պատկանում եւ, ըստ երեւույթին, քաղաքական որոշում են կայացևրել: Հաստատապես ոչինչ հնարավոր չէ ասել, որովհետեւ սովորաբար այդպիսի քաղաքական թիմը հայտարարություն է տալիս, որ քվեարկությանը չմասնակցելը համարվի հարգելի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինիս խոսքով, «ընտրությունները մոտենում են եւ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր ռազմավարությունը, բայց սա կոալիցիոն պայմանավորվածությունների խախտում էր»:
Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Սահակյանը իր հերթին նշեց. «Մեր կոալիցիոն գործընկերների գործելաոճը առնվազն անհասկանալի էր: Եթե իրենց ներկայացուցիչը համապատասխան հանձնաժողովում ներկա է եղել, եւ որեւէ արտահայտություն, որեւէ խոսք չի ասել, իսկ այստեղ, ժողովրդի աչքի առաջ ինչ-որ քայլ են կատարում հակակոռուպցիոն օրինագծի դեմ, այդ դեպքում ենթադրությունները թողնում ենք մեր հայրենակիցներին»: Պատգամավորը նաեւ կոչ արեց, որ կոալիցիոն գործընկերները իրենց գործելաոճը գոնե ճշտեն, եթե ինչ-որ քաղաքական շարժառիթներով են դեմ քվեարկում կամ հրաժարվում քվեարկելուց:
«Եթե սա դիրքորոշում է, նույնպես պետք է ասեին, այլապես տեխնիկական խնդիր առաջացնելով եւ տապալելով քվորումը, գոնե այս պարագայում եւ այս ժամանակաշրջանում սխալ էր»,- նկատեց Սահակյանը եւ հավելեց, որ նույնիսկ համամասնական ընտրակարգի դեպքում, ԲՀԿ-ն իր տեսակետը քանիցս արտահայտել էր, այս դեպքում «որեւէ խոսք չասվեց, թե ինչու չեն մասնակցում քվեարկությանը». «Սա ընկալելի չէր, հասկանալի չէր, ուստի կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական ենթատեքստ ունի, ինչ-որ բան ցույց տալու նպատակով»:
Նշենք, որ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» դեռեւս 2008թ. մշակված նախագիծը վերանայումների երկար ճանապարհ է անցել:
Ըստ նախագծի` 2012 թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջեւ ապրանքների (գույքի) օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման համար 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները չեն կարող իրականացվել կանխիկ գումարով:




























