Բրիտանական ավտոմոբիլային Autocar կայքը կազմել է աշխարհի 10 ամենաերկար ճանապարհային թունելների ցանկը, որը ներառում է լեռների, ծովի հատակի և մեգապոլիսների տակ կառուցված եզակի ինժեներական կառույցներ: Այս թունելները ոչ միայն տպավորիչ են իրենց երկարությամբ, այլև կարևոր դեր են խաղում իրենց երկրների տրանսպորտային ենթակառուցվածքներում:

Բացարձակ ռեկորդակիրը Նորվեգիայի Լյորդալ թունելն է, որի երկարությունը մոտավորապես 24,5 կիլոմետր է: Բացվելով 2000 թվականին՝ այն մինչ օրս պահպանում է աշխարհի ամենաերկար ճանապարհային թունելի տիտղոսը: Անցնելով լեռնաշղթայի տակով՝ այն միացնում է Լյորդալը և Աուրլանդը և հայտնի է իր անսովոր լուսավորության համակարգով, որը նախատեսված է վարորդի հոգնածությունը նվազեցնելու համար:

Երկրորդ տեղում է Ավստրալիայի WestConnex-ը. մոտավորապես 22 կիլոմետր երկարությամբ ստորգետնյա մայրուղի, որը Սիդնեյում ընթացող լայնածավալ տրանսպորտային նախագծի մի մասն է: Հաջորդը Ճապոնիայ՝ի խիտ բնակեցված Տոկիոյի տարածքի տակով անցնող ավելի քան 18 կիլոմետրանոց Յամատե թունելն է, որը աշխարհի ամենաերկար քաղաքային ստորգետնյա թունելներից մեկն է:

Ցանկում է նաև Չինաստանի ավելի քան 18 կիլոմետրանոց Չժոննանշան թունելն է, որն անցնում է լեռնաշղթայի տակով, և Ցզինպինշանի թունելը, որը մոտավորապես 17,5 կիլոմետր երկարություն ունի և կառուցվել է չափազանց դժվար երկրաբանական պայմաններում։

Շվեյցարիայի Գոտարդի թունելը, որի երկարությունը մոտավորապես 16,8 կիլոմետր է և մի ժամանակ աշխարհի ամենաերկարն էր, մնում է Ալպերով անցնող կարևոր տրանսպորտային միջանցք։ Նրան լրացնում են մի քանի այլ խոշոր չինական թունելներ, ինչպես նաև՝ Թուրքիայի Զիգան թունելը, որը կառուցվել է վտանգավոր լեռնանցքը շրջանցելու համար։ Լավագույն տասնյակը լրացնում է Նորվեգիայի Ռիֆիլկեթունելը՝ աշխարհի ամենաերկար ստորջրյա ճանապարհային թունելը, որը ձգվում է գրեթե 14,5 կիլոմետր և զգալիորեն կրճատում է տարածաշրջանների միջև ճամփորդելու ժամանակը։

Այս վարկանիշը հստակ ցույց է տալիս, թե որքան է զարգացել ժամանակակից ճարտարագիտությունը՝ մի ժամանակ անհաղթահարելի բնական արգելքները վերածելով հարմար տրանսպորտային ուղիների։