Գերմանիան մարդ է արտաքսել Սիրիա՝ 2011 թվականին այդ երկրում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Գերմանիայի ՆԳՆ-ին։

Նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում նախկինում քրեական հանցագործությունների համար դատապարտված սիրիացի ներգաղթյալը երեքշաբթի առավոտյան տեղափոխվել է Դամասկոս և հանձնվել սիրիական իշխանություններին։

 «Մեր հասարակությունն օրինական շահագրգռվածություն ունի տեսնելու, թե ինչպես են հանցագործները լքում մեր երկիրը»,- ասել է Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։ Սուրբ Ծննդից քիչ առաջ առաջ տեղի ունեցած արտաքսումը վերջ դրեց Սիրիայի կառավարության հետ ամիսներ տևած բանակցություններին, որոնք արտացոլում էին Բեռլինի՝ Աֆղանստանում թալիբների հետ արտաքսման համաձայնագրի հասնելու նմանատիպ ջանքերը։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են ներգաղթյալներին երկու երկիր վերադարձնելու ջանքերը՝ հղում անելով շարունակական անկայունությանը և մարդու իրավունքների խախտումների վկայություններին։

Սակայն Գերմանիայի՝ պահպանողակաների գլխավորած կառավարությունը Սիրիա արտաքսումների վերսկսումը դարձրել է դիվանագիտական ​​առաջնահերթություն, քանի որ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը մեկ տարի առաջ փախել է երկրից։

Հուլիսին Ավստրիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը 2011 թվականից ի վեր որևէ մեկին արտաքսեց Սիրիա: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Դամասկոսի և Քաբուլի հետ համաձայնագրեր են ձեռք բերվել, որոնք թույլ են տալիս ապագայում կանոնավոր կերպով արտաքսել «հանցագործներին և վտանգավոր անձանց»:

Մոտ մեկ միլիոն սիրիացի փախել է Գերմանիա՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, որոնցից շատերը ժամանել են 2015 թվականին: Երեքշաբթի արտաքսված սիրիացին բանտարկված էր Գերմանիայի արևմտյան Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգում՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտի, հարձակման և շորթման համար: Նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի իր հայրենիք է արտաքսվել նաև աֆղան քաղաքացի: Վերջինս նույնպես բանտարկված է եղել դիտավորյալ հարձակման և այլ հանցագործությունների համար: