Ադրբեջանը մտադիր է կրկին օգտագործել վրացական երթուղին Հայաստան բեռների տարանցման համար: APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք Հայաստանից նավթամթերք վաճառելու հարցում ենք ստացել, եւ առաջացել է դրանք Վրաստանի տարածքով տարանցելու հարցը»,- ասել է Բայրամովը: Նախարարը նշել է, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը իսկապես շատ բարձր է.

«Սա հարցեր է առաջացրել Ադրբեջանում, քանի որ այն հակասում է գործող պրակտիկային: Վրաստանի ղեկավարությունը անհապաղ միջամտել է, եւ խնդիրը լուծվել է: Սակագինը համաձայնեցվել է ընկերությունների միջեւ՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին: Ես կցանկանայի օգտվել այս առիթից եւ շնորհակալություն հայտնել Վրաստանի ղեկավարությանը: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական են: Ես կարծում եմ, որ խնդիրը լուծվել է, եւ այս երթուղին կրկին կօգտագործվի»,- հայտնել է Բայրամովը: