Հնագետները նոր որմնանկարներ և նախկինում անհայտ սենյակներ են հայտնաբերել Պոմպեյի մոտակայքում գտնվող հռոմեական հայտնի Պոպեա վիլլայում։ Այն անտիկ աշխարհի ամենաշքեղ վիլլաներից մեկն է և հավանաբար պատկանել է Ներոն կայսեր երկրորդ կնոջը՝ Պոպեա Սաբինային, գրում է Interesting Engineering-ը։
Այս հսկայական մերձքաղաքային տունը հարուստ և գեղարվեստորեն զարդարված համալիր էր, որը ներառում էր որմնանկարներ, ծեփածո զարդարանքներ ու խճանկարներ։ Վերջին տարիներին հետազոտողները կենտրոնացրել են աշխատանքները հսկայական տարածքի արևմտյան մասում։ Նոր պեղումները բացահայտել են ոչ միայն նախկինում անհայտ սենյակներ, այլև պատերի շքեղ պատկերներ, որոնք թվագրվում են վիլլայի ծաղկման շրջանով։
Ամենատպավորիչ հայտնագործություններից մեկը «Սիրամարգի սրահ» կոչվող սենյակն է։ Այն առանձնանում է սիրամարգերի պատկերներով հարուստ որմնանկարներով, որոնք շքեղության ու կարգավիճակի խորհրդանիշ էին։ Նույն հատվածում հնագետները հայտնաբերել են նաև թատերական դիմակի բեկորներ, որոնք օգտագործվել են ատելանյան ֆարս կոչվող հին կատակերգություններում։ Սա վկայում է վիլլայի բնակիչների հնարավոր ժամանցի մասին։
Բացի այդ, աշխատանքների ընթացքում հնագետները վերականգնել են երկու կուբիկուլումներ՝ շքեղ ննջասենյակներ՝ խճանկարային հատակներով ու նախշազարդ պատերով ու կամարներով։ Այս գեղարվեստական տարրերը մեծ տարածության պատրանք են ստեղծում նրբագեղորեն նմանակված ճարտարապետության ու հարդարման շնորհիվ։ Վերականգնողներն այժմ փորձում են դրանց վերադարձնել նախնական վառ գույները, այդ թվում՝ հնում տարածված «եգիպտական կապույտը»։
Պոպեա վիլլան առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս XVI դարում, սակայն դրա չափերն ու զարդարանքի հարստությունը այն դարձրել են Հռոմեական կայսրության դարաշրջանի կարևորագույն հնագիտական գտածոներից մեկը։ Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ Պոմպեյի և մ․թ․ 79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով թաղված մյուս հնագույն քաղաքների հետ։
Նորագույն գտածոները թույլ են տալիս ավելի խորն ըմբռնել, թե ինչպես է ապրել Հռոմեական կայսրության վերնախավը, ինչով է զբաղվել և ինչպես է զարդարել իր պալատները, ինչպես նաև ընդլայնում են պատկերացումները տվյալ դարաշրջանի գեղարվեստական ավանդույթների մասին։