Կոսովոյում 11 ամսվա ընթացքում երկրորդ անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, և վարչապետ Ալբին Կուրտիի գլխավորած ձախ ազգայնական «Վետևենդոսե» (Ինքնորոշման շարժում) կուսակցությունը ձգտում է ստանալ հստակ մեծամասնություն՝  երկարաձգված քաղաքական փակուղուց դուրս գալու համար, հայտնում է Reuters-ը։

Կիրակի օրն անցկացվող արտահերթ ընտրությունները տեղի են ունենում փետրվարյան քվեարկությունից հետո, որի ընթացքում «Վետևենդոսե»-ն հաղթել էր, սակայն չկարողացավ ապահովել խորհրդարանական մեծամասնություն։

Կոալիցիա ստեղծելու շուրջ ամիսներ շարունակ անհաջող բանակցությունները հանգեցրին նրան, որ նոյեմբերին Կոսովոյի նախագահ Յոսա Օսմանին լուծարեց խորհրդարանը և նշանակեց արտահերթ ընտրություններ։ Այդ ժամանակից ի վեր Կոսովոյի օրենսդիր մարմինը չկարողացավ համաձայնության գալ իր ղեկավարության շուրջ, ինչի հետևանքով այն փաստացի կաթվածահար էր եղել և չէր գործում։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 07:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ 06:00) և փակվելու են 19:00-ին, իսկ նախնական արդյունքներն ու exit poll-երի արդյունքները սպասվում են կիրակի երեկոյան։

Կուրտիի և նրա մրցակիցների համար խաղադրույքները բարձր են․ Կուրտին, որը ղեկավարում է երկիրը 2021 թվականից, հույս ունի վճռական արդյունքի վրա՝ նման իր 2021 թվականի հաղթանակին, երբ նա կարողացավ հիմնականում ինքնուրույն ձևավորել կառավարությունը։ Նրա բարեփոխումների ծրագիրն առայժմ երկիմաստ արդյունքներ է տալիս։

Եթե «Վետևենդոսե»-ն կրկին չստանա մեծամասնություն, կպահպանվի անորոշությունը՝ արդյոք Կոսովոյի հիմնական քաղաքական ուժերը պատրաստ կլինեն գնալ փոխզիջման՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար։

Ընդդիմադիր կուսակցությունները բազմիցս հրաժարվել են համագործակցել Կուրտիի հետ՝ քննադատելով նրա հարաբերությունները արևմտյան դաշնակիցների հետ և Կոսովոյի էթնիկորեն բաժանված հյուսիսում ապրող սերբական փոքրամասնության հանդեպ  քաղաքականությունը։

Կուրտին, իր հերթին, մեղադրել է ընդդիմությանը շարունակվող փակուղու համար։