Ինքնակենսագրականում (CV) տեսախաղերի հանդեպ սերը նշելը կարող է նվազեցնել աշխատանքի ընդունվելու հավանականությունը, նույնիսկ եթե դիմորդի հմտությունները չեն զիջում մյուս թեկնածուներին: Այս եզրակացությանն են եկել գերմանացի հոգեբանները: Աշխատանքը հրապարակվել է Journal of Personnel Psychology (JPP) ամսագրում:
Գիտափորձի ընթացքում գիտնականները ստուգել են, թե ինչպես են հավաքագրողները (ռեկրուտերները) ընկալում թեկնածուների արտաուսումնական զբաղմունքները նախնական ընտրության փուլում: Մասնակիցներին առաջարկվել է գնահատել հաճախորդների սպասարկման մասնագետի պաշտոնի համար դիմած հորինված թեկնածուի ինքնակենսագրականը: Թեկնածուների բոլոր բնութագրերը նույնն են եղել, բացառությամբ մեկ կետի. «հոբբի» բաժնում մեկի մոտ նշված էր «վոլեյբոլ», իսկ մյուսի մոտ՝ «տեսախաղեր»:
Արդյունքը միանշանակ է եղել. տեսախաղեր նշած թեկնածուն ստացել է ավելի ցածր գնահատականներ «աշխատանքի համար պիտանելիության» ցուցանիշով՝ համեմատած «վոլեյբոլիստի» հետ: Ընդ որում, սա պահպանվել է ինչպես հմտությունների չեզոք, այնպես էլ բարձր մակարդակի դեպքում:
Ինքնակենսագրականի ավելի «առաջադեմ» տարբերակում վոլեյբոլիստը ազգային երրորդ լիգայի թիմի ավագն է եղել, իսկ գեյմերը՝ League of Legends-ի Prime League-ի (Riot Games-ի պաշտոնական կիբերսպորտային մրցաշար) մասնակից: Այնուամենայնիվ, նույնիսկ կիբերսպորտում պրոֆեսիոնալ մակարդակը չի փոխհատուցել տեսախաղերի նկատմամբ բացասական ընկալումը
Հետազոտությանը մասնակցել է Գերմանիայի 162 բնակիչ, որոնց միջին տարիքը 32-ն է: Հարցվածների մեծամասնությունն ունեցել է բարձրագույն կրթություն, սակայն նրանցից միայն 4%-ն ուներ անձնակազմի հավաքագրման (ռեքրութինգի) իրական փորձ: Այնուամենայնիվ, հենց նրանց գնահատականներն են արտացոլում հասարակության մեջ տարածված սոցիալական պատկերացումները:
Հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները կարող են մասնակիորեն պայմանավորված լինել թափուր աշխատատեղի ձևակերպմամբ, որտեղ շեշտը դրված է եղել հաղորդակցման հմտությունների վրա: Այս համատեքստում թիմային սպորտը թվում էթ ավելի «սոցիալապես համապատասխան», քան տեսախաղերը, չնայած նրան, որ ժամանակակից բազմամասնակից խաղերը նույնպես պահանջում են թիմային աշխատանք, համակարգում և առաջնորդություն:
Հետազոտությունը հաստատում է, որ չնայած կիբերսպորտի աճին և IT-ի, վերլուծության ու ճարտարագիտության ոլորտներում խաղային հմտությունների ճանաչմանը, գեյմինգը դեռևս ընկալվում է որպես պակաս «լուրջ» զբաղմունք: Հետևաբար, դիմորդները պետք է ուշադիր լինեն այն հարցում, թե ինչպես և ինչ համատեքստում են հիշատակում տեսախաղերը իրենց ինքնակենսագրականներում, հատկապես եթե խոսքը վերաբերում է թվային միջավայրից դուրս մասնագիտություններին




























