Հավաքական դատողությունները և խմբային մտածողությունը այլևս սոսկ հոգեբանական ֆենոմեններ չեն, այլ ապրանքներ, որոնց միջոցով կարելի է լավ փող վաստակել։

2025 թվականին կանխատեսման շուկաները կարևոր գործիք դարձան՝ ինչպես ֆինանսների, այնպես էլ լրատվամիջոցների ոլորտում աշխարհի իրական իրադարձությունների կանխատեսման և չարաշահությունների համար։ Ըստ Digital Assets Outlook Report-ի՝ 2026 թվականի թվային ակտիվների հեռանկարի զեկույցի՝ այդ ոլորտի երկու խոշորագույն խաղացողները՝ Polymarket-ը և Kalshi-ն, միասին ավելի քան 31,5 միլիարդ եվրո խաղադրույքներ են հավաքել։

Կանխատեսման շուկաները գործում են ֆինանսական բորսաների նման։ Հաճախորդները բինար օպցիոնների պայմանագրեր են գնում և վաճառում՝ կատարելով «այո» կամ «ոչ» խաղադրույքներ ապագա իրադարձությունների արդյունքի, մասնավորապես՝ ընտրությունների արդյունքների, ընկերության եկամուտների հաշվետվությունների և մարզական միջոցառումների վրա, հաղորդում է Euronews-ը։ Պայմանական այդ գործարքների համար սովորաբար վճարում են 1 դոլար, երբ կանխատեսված  իրադարձությունը տեղի է ունենում, և ոչինչ, եթե այն տեղի չի ունենում։ Այսինքն՝ եթե գործարքի գինը 50 ցենտ է, կոլեկտիվ կարծիքն իրադարձության հավանականությունը գնահատում է 50%։

Կանխատեսումը թարմացվում է իրական ժամանակում, ուստի կարծիք կա, որ նման շուկաներն ավելի լավ են արտացոլում հասարակական կարծիքը, քան ավանդական հասարակական կարծիքի հարցումները։

Այդ բորսաներով հոսող կապիտալի հսկայական ծավալը գրավել է լուրջ ներդրողների ուշադրությունը: Դեկտեմբերին Kalshi ընկերության հարթակը գնահատվել է 11 միլիարդ դոլար: Հոկտեմբերին Intercontinental Exchange (ICE)-ը՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայի մայր ընկերությունը, Polymarket հարթակը գնահատել է 8 միլիարդ դոլար, ներդրել է 2 միլիարդ դոլար և ինստիտուցիոնալ ներդրողների համար դարձել է ամբողջ աշխարհում դրա տվյալների տարածող ներկայացուցչությունը: