Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի ժամանել է Փարիզ, որտեղ տեղի կունենա «Վճռականների կոալիցիայի» հանդիպումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, գրում է «Եվրոպական պրավդա»-ն:
Նիկիֆորովի խոսքով՝ նախատեսված է նախագահի առանձնազրույցը Էմանուել Մակրոնի հետ, որից հետո տեղի կունենա նրանց համատեղ հանդիպումը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Տեղական ժամանակով ժամը 15:00-ին կսկսվի «Վճռականների կոալիցիայի» նիստը. բոլոր ելույթները տեղի կունենան փակ դռների հետևում։
Ժամը 18:15-ին տեղի կունենա նախագահ Զելենսկու և Եվրաեռյակի ձևաչափի առաջնորդների՝ Մակրոնի, Ստարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ մամուլի ասուլիսը:
Երեկոյան նախատեսված է նաև նախագահի գլխավորած ուկրաինական բանակցային խմբի հետ ամերիկյան պատվիրակության հանդիպումը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը՝ հունվարի 6-ին, Փարիզում կայանալիք «Վճռականների կոալիցիայի» նիստի ժամանակ մասնակից պետությունների առաջնորդները Ուկրաինային աջակցելու պարտավորություններ կստանձնեն 5 կետով, որոնք ներառում են բազմազգ զինված ուժերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում:


























