Սենատը քվեարկել է այն բանաձեւի օգտին, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է ռազմական գործողություններ իրականացնել Վենեսուելայում առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 52 սենատոր, դեմ՝ 47։ Մեկ հանրապետական ձեռնպահ է մնացել, տեղեկացրել է ABC News-ը։

Հաջորդ շաբաթ սպասվում են եւս մեկ ընթացակարգային քվեարկություն եւ բանաձեւի քննարկում Սենատում։ Այնուհետեւ փաստաթուղթը պետք է ուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որը գլխավորում են հանրապետականները, եւ ԱՄՆ նախագահի ստորագրմանը։ Որպեսզի հաղթահարվի Թրամփի համար հնարավոր վետոն, անհրաժեշտ է ձայների երկու երրորդը Կոնգրեսի երկու պալատներում։

Սենատոր Թիմ Քեյնը (դեմոկրատ Վիրջինիայի նահանգից) բանաձեւը ներկայացրել էր դեկտեմբերի սկզբին։ Համահեղինակներն են դեմոկրատներ Չաք Շումերը եւ Ադամ Շիֆը, ինչպես նաեւ հանրապետական Ռենդ Փոլը։ Անցած տարի հանրապետականներն արգելափակել էին երկու նման բանաձեւեր, որոնք դրվել էին սենատի քվեարկությանը։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Կարակասին, ինչից հետո առեւանգեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը՝ Սելիա Ֆլորեսին։ Նյու Յորքի դատարանում նրանց թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման, զենքի անօրինական պահման, ինչպես նաեւ դավադրության մեղադրանքներ են ներկայացվել։ Նիկոլաս Մադուրոն եւ Սիլիա Ֆլորեսը մեղքը չեն ընդունել։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է Դելսի Ռոդրիգեսը։