Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` փետրվարի 8-ին, ընդունել է Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափփիին եւ ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում 2011-ին արձանագրված ցուցանիշները:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ տարին ամփոփվել է 14,1 տոկոսանոց աճով, նա ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով ցորենի եւ գարու սերմնաբուծության զարգացման ծրագրերին, որոնց արյունքում առաջիկա 4–5 տարիներին նվազագույնի կհասցվեն չմշակվող հողերը:

Անդրադարձ է եղել նաեւ ոլորտի զարգացմանն ու գյուղացիական տնտեսությունների աջակցմանը միտված մյուս ծրագրերին:

Ընդգծելով գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված աճի փաստը, նախարարն ասել է, որ անասնապահության ոլորտում նույնպես, թեկուզ փոքր, բայց դրական տեղաշարժ կա, որին հատկապես նպաստել է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրիե մեկնարկը, որի շրջանակներում ստեղծված 39 կոոպերատիվներից 36–ն արդեն գրանցվել են:

«Շատ կարեւոր է, որ այս ճյուղում զարգացման  միտում կա: Հունվարի 1-ից հաշվառվում է անասնագլխաքանակը: Մարզերից ստացված տեղեկատվության համաձայն`կան համայնքներ, ուր անասնագլխաքանակի աճ է գրանցվել: Ոլորտի զարգացման համար ստեղծել ենք նպաստավոր պամաններ: Անցյալ տարվանից զգալիորեն բարձրացել է կաթի մթերման գինը: Շուտով կառավարության քննարկմանը կներկայացվի «Արհեստական սերմնավորման ծրագիրը»: Ցանկանում ենք ընդլայնել կերային կուլտուրաների բազան», - նշել է նա:

Գոհունակությամբ արտահայտվելով վերոնշյալ ծրագրի հաջող ընթացքի մասին, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին նշել է. «Մեզ համար շատ տպավորիչ  են գյուղանտեսության նախորդ տարվա զարգացման ցուցանիշները, որոնք  Ձեր չափազանց ակտիվ գործունեության եւ իրականացված ծրագրերի արդյունքն են: Հույս ունենք, որ ծրագրերի զարգացմանը զուգահեռ, այս տարի գյուղանտեսության ոլորտում կգրանցվեն ավելի լավ արդյունքներ, նաեւ աշխատատեղերի ավելացման հնարավորություն կընձեռվի»:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ հունիս ամիսը քննարկել երկրի պարենային անվտանգության ապահովմանը միտված ոլորտի զարգացման առաջնահերթությունների կառավարական ծրագրերը` առաջիկա մի քանի տարիների կտրվածքով: