Հայաստանն ու Եվրամիությունը հասել են էական ձեռքբերումների և ընդունել նոր ռազմավարական օրակարգ, որն արդեն իսկ իրականացվում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Դեսպանի խոսքով՝ ռազմավարական օրակարգի շուրջ բանակցությունները մեծածավալ աշխատանք են պահանջել, սակայն առավել կարևորն այն է, որ այն արդեն գործնական փուլում է։
«Մենք արդեն ունենք մի քանի տարրեր, որոնք իրականացվում են»,– նշեց նա՝ առանձնակի ընդգծելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։
Մարագոսը նշեց, որ վիզային ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար կունենա շատ կոնկրետ և շոշափելի արդյունքներ։
«Մենք արդեն ներկայացվել եք նոյեմբերին վիզայի ազատագրման գործողությունների ծրագիրը, դեկտեմբերին մենք արդեն կազմակերպել էինք առաջին գնահատման առաքելությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ 2026 թվականին ներկայացնել առաջին առաջընթացի զեկույցը։ Միգրացիոն ծառայությունը, խորհրդարանը և մյուս բոլոր ներգրավված կառույցները աշխատում են, որպեսզի գործողությունների ծրագիրը կյանքի կոչվի»,-ասաց ԵՄ դեսպանը։
Նա ընդգծեց, որ քննարկումների և ներկայացված տեղեկատվության արդյունքում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կառավարության մոտեցումը՝ դիտարկելով վիզային ազատականացման գործողությունների ծրագիրը որպես բարեփոխումների համապարփակ ծրագիր։
Դեսպանի խոսքով՝ նախատեսվող բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են քաղաքացիների շահերին։
«Այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու, և նաև մեր երկկողմ շարժման հնարավորություններն են բացվելու, երբ արդեն որոշումը կայացվի դեպի Եվրամիություն առանց վիզայի ճամփորդության մասին»,– ընդգծեց Մարագոսը։




























