Ղրղզստանի իշխանությունները հեռուստաալիքներից պահանջել են եթերային հեռարձակման բաժինը ազգային լեզվով հասցնել  60 տոկոսի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այս մասին  ուրբաթ հեռուսաընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության եւ երիտասարդական քաղաքականության փոխնախարար Մարատ Տագաեւը։  Նրա խոսքով՝ որոշ մասնավոր ալիքներ պահանջների ձեւական պահպանման համար կրկնակի ցուցադրում են տասնամյա վաղեմության ծրագրեր ղրղզերեն եւ հայրենական կոնտենտ չեն ստեղծում։

«Մենք չենք խոչընդոտում մասնավոր հեռուստաալիքների զարգացմանը եւ նրանց սեփական ռազմավարություններին։ Սակայն պետք է խստորեն պահպանվեն իրավական պահանջները, մասնավորապես՝ ղրղզերենի վերաբերյալ։ Ես ծանոթ եմ մեդիա-շուկայի իրավիճակին, բայց մենք պարտավոր ենք պաշտպանել հեռուստադիտողների իրավունքները»,- հայտնել է Տագաեւը։ Նա նշել է, որ հեռուստաընկերություններին անվճար տրամադրվել է «Kyrgyzfilm»-ի եւ «Kyrgyzserial»-ի հավաքածուներից ավելի քան 400 ֆիլմ, 40 մուլտֆիլմ եւ 10 սերիալ։

Նրանք պետք է մինչեւ փետրվարի վերջ պայմանագրեր կնքեն այդ կազմակերպությունների հետ՝ իրենց ղրղզերեն բովանդակություն տրամադրելու համար։ Հակառակ դեպքում, փոխնախարարի խոսքով, իշխանությունները մինչեւ տարեվերջ «միջոցներ կձեռնարկեն նման մասնավոր հեռուստաալիքների դեմ»։

Հեռուստատեսային հեռարձակման մեջ պետական ​​լեզվի օգտագործման մասին օրենքում փոփոխություններն ընդունվել են անցյալ տարվա օգոստոսին։ Նախկինում հեռուստաալիքները պարտավոր էին իրենց հեռարձակման ժամանակացույցի 50 տոկոսը լրացնել ղրղզերեն կոնտենտով։

Ներկայում Ղրղզստանում գործում է 42 հեռուստաալիք, որոնցից երկուսը (НТРК եւ ЭЛТР) պաշտոնապես ֆինանսավորվում են պետության կողմից։ Պետական ​​գանձարանից է ֆինանսավորվում նաեւ «Мир» միջպետական ​​հեռուստառադիոընկերության գործունեությունը: Բյուջեի մասին օրենքի համաձայն՝ երկրի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների պետական ​​ծախսերը 2026թ․ կավելանան մինչեւ 1.67 միլիարդ սոմ (19.1 միլիոն դոլար), ինչը տարեկան 164.2 միլիոն սոովմ (1.9 միլիոն դոլար) ավելի է։

«Ազատտիկ» ռադիոկայանը հաղորդել է, որ ռուսական հեռուստաալիքները՝ «Առաջին ալիքը», «Ռոսիա 24»-ը, «Կուլտուրան» եւ «Զվեզդան», ինչպես նաեւ տասնյակ այլ հեռուստաալիքներ, որոնք համարվում են կրեմլամետ քարոզչության խողովակներ, Ղրղզստանում ավելի լայն ներկայություն ունեն, քան արտասահմանյան մյուս լրատվամիջոցները: