Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը, ինչպես նաև վերահաստատել են հակամարտությունների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ իրենց ընդհանուր դիրքորոշումը։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, որտեղ նրանք կիսվում են երկու երկրների ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի՝ Բաքվում կայացած ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով։
Նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլերին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և ընթացող հակամարտությունների շուրջ։
«Նախարարները վերահաստատել են, որ հակամարտություններն ու ռազմական առճակատումները պետք է կարգավորվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», — նշված է հայտարարության մեջ։





























