Անահիտ աստվածուհու գլուխը եւ ձեռքերը, որոնք գտնվում են Բրիտանական թանգարանում, ներկայացված են ընդհանուր հելլենիստական բաժնում, ինչը մտահոգիչ է: Այս մասին, այսօր` փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսում ասաց  «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: «Խնդիրը այն չէ, որ այն Հայաստանում չէ, այլ այն, որ այն ներկայացված է ընդհանուր հելենիստական բաժնում. այսինքն չեն ներկայացվում, որպես հայկական արվեստի օրինակ»,-նշեց նա:

Կ. Հակոբյանը նկատեց, որ հայկական  արվեստի բոլոր նմուշներն էլ արտերկրում չեն ներկայացվում որպես հայկական արվեստի նմուշներ:

Նա առաջարկում է մտածել, ոչ թե Անահիտ աստվածուհու արձանը Հայաստան տեղափոխելու մասին, այլ նրան հայկական անձնագիր տալու հարցը բարձրացնել: «Ժառանգության» անդամի խոսքով, մինչեւ հիմա որպես վարկած նշվում է, որ արձանը գտնվել է Հայաստանի Երզնկա գյուղում:

Իսկ հայկական պատմական կոթողները Հայաստանում եւ արտերկրում  պահպանելու համար, նա առաջարկում է օրենսդրական դաշտ ստեղծել, որը կլինի մշակութային կոթողների պահպանման երաշխիքը:

«Հայաստանի նման մշակույթ ունեցող երկիրը համարժեք արվեստաբանություն չունի: Ավելին, հայագիտությունը պետք է զարգացնենք, թե Հայաստանում, թե դրսի հայագիտական կենտրոններում»,- ասաց Կարինե Հակոբյանը:

Ի դեպ, նա ահազանգեց, որ Թեղուտի տարածքում պատմամշակութային հուշարձանները եւս վտանգված են: Ինչի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ  մշակույթի նախարարությունը դարձյալ իր բարձրության վրա չէ: