Երեւանում «Hyatt international» ընկերության ներդրումային ծրագրերն են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ընկերության Եվրոպայի եւ Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբհարդ Ռայների գլխավորած աշխատանքային խումբի հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքապետը ողջունել է ընկերության ներդրումային առաջին ծրագիրը Երեւանում՝ «Hyatt» ապրանքանիշի հյուրանոցի կառուցումը: «Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ձեզ՝ հայաստանյան, մասնավորապես երեւանյան շուկա մուտք գործելու կապակցությամբ: Մեզ համար իրոք կարեւոր է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի ներկայությունը Երեւանում, ինչը իր հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացմանը մեր մայրաքաղաքում»,- նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Hyatt international» ընկերության Եվրոպայի եւ Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբհարդ Ռայները Երեւանում «Hyatt» հյուրանոցի կառուցումը կարեւորել է ընկերության համար ռազմավարական տեսանկյունից, քանի որ այն ընկերության առաջին ներկայությունն է տարածաշրջանում: «Շնորհակալ ենք, որ մեծապես աջակից եք եղել մեր նախագիծը կյանքի կոչելու հարցում եւ ակնկալում ենք Ձեր շարունակական աջակցությունը՝ քաղաքային ենթակառուցվածքների հետ կապված հարցերում: Երեւան քաղաքը զարգացման լուրջ հեռանկարներ ունի եւ մենք ցանկություն ունենք շարունակել ներդրումային ծրագրերը»,- նշել է Գեբխարդ Ռայները՝ համոզմունք հայտելով, որ երկկողմ ցանկություն կա Երեւանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը լիազորությունների սահմաններում առավելագույն աջակցությունը կցուցաբերի, որպեսզի նախանշված ծրագրերը հաջողությամբ իրականացվեն: «Մենք բաց եւ պատրաստ ենք համագործակցության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Hyatt international» ընկերության հայաստանյան գործընկեր, գործարար Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ իրենց գործակցությունը Երեւանում շարունակական ծրագրեր է նախատեսում: «Բազմաթիվ մտահղացումներ ու ծրագրեր ունենք զբոսաշրջության բնագավառում, որոնք նախատեսում են նաեւ նոր ենթակառուցվածքների ստեղծում, եւ մեր նպատակակետը մոտ է: Արդեն տարեվերջին առաջին հյուրանոցը կբացվի եւ կտեսնեք, թե մեր քաղաքի հյուրերին ինչպիսի հարմարավետություն ենք առաջարկում»,- նշել է գործարարը:



























