Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվեց։

Որոշումը կայացրեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։

Դատարանի որոշմամբ՝  Տեր Հորը արգելվում է ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, շփում ունենալ այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների։

Տեր Գարեգինին կթույլատրվի ամեն կիրակի մասնակցել պատարագի, ստանալ հաղորդություն, բայց չշփվել այլ անձանց հետ։

Տեր Գարեգինը, սակայն, Արագածոտնի մարզի եկեղեցի չի կարող գնալ, միայն իր բնակության վայրում՝ Արմավիրում։

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը, ձերբակալվել, ապա կալանավորվել է 2025թ․ հոկտեմբերի 15-ին։ Նշված օրը խուզարկություններ են եղել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, դիվանատանը, թեմի հոգևորականների տներում խուզարկություններ, ինչին հաջորդել է թեմի մի շարք հոգևորականների ձերբակալություններ, վերջիններս փաստացի հարկադրաբար ներկայացվել են ՔԿ, սակայն հարցաքննվել որպես վկա։ Հետագայում հայտնի դարձավ, որ Մկրտիչ Սրբազանին, Տեր Գարեգինին և հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ այլևս կարգալույծ նախկինում Տեր Արամի, այժմ՝ Ստեփան Ասատրյանի հայտարարությունների հիման վրա՝ իբրև ընդդիմադիրների ցույցերին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ վարույթով։

Ըստ մեղադրանքի՝ Արագածոտնի թեմի առաջնորդը 2021թ․ ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ Տեր Արամ և Տեր Թադե քահանաներին և այլ հոգևորականների իբրև հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանին, իսկ 2023թ․ , ըստ մեղադրանքի,  Տեր Գարեգինի օժանդակությամբ   իբրև ստիպել է մասնակցել իշխանության դեմ իրականացվող հավաքներին։

Մկրտիչ Սրբազանն առ այս պահը կալանքի տակ է, տեր Գարեգինի խափանման միջոց կալանքը հետագայում փոխվել է տնային կալանքով։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում, պաշտպանության կողմը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է։

Ի դեպ, Մկրտիչ Սրբազանն ազգակցական կապեր ունի Վեհափառ Հայրապետի հետ, ըստ ամենայնի, նրան մեկուսացնելը Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում է։