«Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից հետո երկու կին ճանաչել են իրենցից պայուսակ հափշտակած անձին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հունվարի 24-ին, կողոպուտ կատարելու համար ձերբակալել էին 36-ամյա Արթուր Կարապետյանին:
Փետրվարի 9-ին, ժամը 21.00-ին, 1982 թ. ծնված Սյուզաննա Գ.-ն ներկայանալով ոստիկանության Շենգավիթի բաժին՝ հայտնել է, որ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Արթուր Կարապետյանին, ով հունվարին Արշակունյաց պողոտայում բացահայտ հափշտակել է իր պայուսակը:
Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նաեւ 48-ամյա Զվարթ Խ.-ն՝ հայտնելով, որ ոստիկանական հեռուստահաղորդումից ճանաչել է Ա. Կարապետյանին, ով հունվարին Արշակունյաց պողոտայի թիվ 36 շենքի բակում բացահայտ հափշտակել է իր պայուսակը:
Հանցագործության մասին տուժողները նախկինում ոստիկանություն չէին հայտնել:
Քննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը:




























