Երկար ժամանակ համարվում էր, որ Երկրի ջրի մեծ մասն առաջացել է այսպես կոչված Ուշ ծանր ռմբակոծության ժամանակաշրջանում՝ մոտավորապես 4,1-3,8 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած աստղակերպների և գիսաստղերի բախումներից։ Սակայն, «Ապոլոն» առաքելությունների Երկիր բերված լուսնային նմուշների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երկնային մարմինների ներդրումը Երկրի օվկիանոսների ձևավորման գործում զգալիորեն փոքր է եղել, քան նախկինում կարծում էին։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը՝ ԱՄՆՀամալսարանական տիեզերական հետազոտությունների ասոցիացիայի և Լուսնային և մոլորակային ինստիտուտի ներկայացուցիչ Թոնի Գարգանոյի գլխավորությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտահանրամատչելի հանդեսում։

Հետազոտողները վերլուծել են լուսնային ռեգոլիթը և ապարները՝ օգտագործելով բարձր ճշգրտության եռակի թթվածնային իզոտոպի մեթոդը։ Այդ մոտեցումը նրանց հնարավորություն է տվել առանձնացնել հարվածային նյութի ներդրումը բախումների ժամանակ հալման և գոլորշիացման հետևանքով առաջացած փոփոխություններից։ Վերլուծությունը ցույց է տվել, որ լուսնային ռեգոլիթի զանգվածի միայն մոտ 1%-ն է կապված երկնաքարային նյութի հետ, հիմնականում՝ ածխածնային։

Այդ տվյալների հիման վրա գիտնականները հաշվարկել են ջրի քանակի վերին սահմանը, որը աստղակերպերն ու գիսաստղերը կարող էին բերել Երկիր-Լուսին համակարգ ուշ ծանր ռմբակոծությունից հետո: Այդ համամասնությունը չափազանց փոքր էր Երկրի օվկիանոսների ծավալը հաշվի առնելու համար: Ըստ հետազոտության համահեղինակ Ջասթին Սայմոնի՝ NASA-ից, երկնաքարերն իսկապես ջուր են բերել, սակայն լուսնային գրառումներն անհավանական են դարձնում, որ դրանք Երկրի հիդրոսֆերայի հիմնական աղբյուրն են եղել։

Դա նշանակում է, որ Երկրի ջրի զգալի մասը կարող էր առկա լինել հենց սկզբից՝ այսպես ասած մոլորակի ձևավորումից պահպանված «ներքին պաշար»: Միևնույն ժամանակ, նույնիսկ բախումների հետևանքով բերված ջրի փոքր քանակը կարող էր կարևոր դեր խաղալ Լուսնի համար. այսօր այն կենտրոնացած է բևեռների մոտ գտնվող մշտապես ստվերոտ շրջաններում և ապագա լուսնային բազաների համար ռազմավարական պաշար է համարվում։

Հեղինակներն ընդգծում են, որ լուսնային նմուշների արժեքը դրանց « ստուգաչափի նյութ» կարգավիճակն է: Դրանք մեզ հնարավորություն են տալիս ստուգել ջրի ծագման հիպոթեզները և, ավելի լայն իմաստով, այն, թե ինչպես են ձևավորվել Երկիրը բնակելի դարձրած պայմանները: