ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի շրջափակումը եւ Մեքսիկայի վրա ճնշում գործադրելը Կուբային զրկել են նավթի եւ մազութի երկու կայուն աղբյուրներից, որոնք երկիրն օգտագործում է էլեկտրաէներգիա արտադրելու համար: Հաշվի առնելով ներկայիս պահանջարկը եւ նավթի համեստ ներքին արտադրությունը՝ նավթը Կուբային երկար չի բավարարի, հաղորդել է Financial Times-ը՝ հղում կատարելով Kpler-ի տվյալներին: Կղզու տնտեսությունն արդեն իսկ գտնվում է փլուզման եզրին, եւ առանց նոր մատակարարումների ճգնաժամն այնքան լուրջ կլինի, «որ կարող է սպառնալ կուբայական ռեժիմի գոյությանը»,- թերթին ասել է Նիկոլաս Ուոթսոնը Teneo խորհրդատվական ընկերությունից:

Kpler-ի տվյալներով՝ այս տարի Կուբան մեկ մեքսիկական առաքումից ստացել է ընդամենը 84 900 բարել: Միջին օրական ներմուծման վերածելով՝ սա կազմում է ընդամենը 3 000 բարել, մինչդեռ 2025թ․ Կուբան բոլոր մատակարարներից կստանար այդ քանակից 12 անգամ ավելի շատ՝ 37 հազար բարել: Եթե ​​հունվար ամսվա բեռը ավելացվի Կուբայի նավթի պահեստում տարվա սկզբին գտնվող մոտ 460 հազար բարելին, երկիրը կարող է դիմանալ եւս 15-20 օր, նշել է Kpler-ի հում նավթի վերլուծաբան Վիկտորիա Գրաբենվյոգերը։

Կուբայում նաեւ սպառվում են մազութի պաշարները, որի միակ մատակարարը մինչեւ 2025թ․ կեսերը Վենեսուելան էր։ Մազութի վերջին բեռը կղզի է ժամանել նոյեմբերին։

Հունվարի 11-ին՝ Մեքսիկայից վերջին առաքումից երկու օր եւ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից մեկ շաբաթ անց, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբան այլեւս նավթ չի ստանա։ Կուբայի հետախուզության աշխատակիցները վաղուց պաշտպանում էին Մադուրոյին. մի քանի տասնյակ մարդ նրանց թվից սպանվել է Կարակասում ամերիկյան հատուկ նշանակության ուժերի իրականացրած հարձակման ժամանակ։

Այս շաբաթ Թրամփը հայտարարլ է, որ Կուբայի ռեժիմը «շատ մոտ է փլուզման»։

Եթե առաջիկա շաբաթներին նոր նավթային առաքումներ չհասնեն, Կուբան կբախվի «լուրջ ճգնաժամի», նշել է Տեխասի համալսարանի նավթի փորձագետ Խորխե Պինյոնը։

Նույնիսկ առանց նավթային շրջափակման Կուբան ապրում է իր ամենավատ եւ ամենաերկարատեւ տնտեսական ճգնաժամը 1959թ․ կոմունիստական ​​իշխանության գալուց ի վեր։ Հավանայց ժողովրդագիր Կառլոս Ալբիզու-Կամպոսի գնահատականների համաձայն՝ երկրի բնակչության մոտ մեկ քառորդը կամ ավելի քան 2.7 միլիոն մարդ լքել է երկիրը 2020 թվականից ի վեր։ Կուբան իր նավթի մոտավորապես 40 տոկոսը ստացել է Վենեսուելայից՝ ցածր գներով։ Իրավիճակը սրվել է անցյալ տարվա վերջին, երբ Թրամփը ռազմածովային շրջափակում մտցրեց Վենեսուելայում, եւ ամերիկյան նավերը սկսեցին որսալ լցանավերը։ Ամերիկացիների առգրաված լցանավերից մեկը Կուբա էր տեղափոխում ավելի քան 1 միլիոն բարել նավթ։

Մեքսիկան անցյալ տարի Կուբայի ամենամեծ մատակարարն էր։ Սակայն ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել նավթի վաճառքը Հավանային, Մեխիկո քաղաքը դժվարին վիճակում է. Թրամփը սպառնում է գրեթե ռազմական գործողություններ ձեռնարկել թմրամիջոցների կարտելների դեմ, իսկ Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը պետք է վերանայվի այս տարի։